Խաղողի պահանջարկը 160 հազար, առաջարկը 50 հազար տոննա
Մինչև մթերման գործընթացը սկսելը կատարվել է մթերվող խաղողի կանխատեսվող ծավալների մոնիթորինգ, ըստ որի` ընթացիկ տարվա շուրջ 210 հազ. տոննա խաղողի մթերման առաջարկի դիմաց մթերման պահանջարկը կազմել է 160.0 հազ. տոննա: Ստեղծված իրավիճակում, խաղողի մթերման կազմակերպման համար անհրաժեշտություն առաջացավ լուծելու շուրջ 50.0 հազ. տոննա խաղողի լրացուցիչ քանակության մթերման խնդիրը: Այս մասին տեղեկացնում է գյուղնախարարության լրատվական ծառայությունը:
Իրականացված նախապատրաստական և հետագա ամենօրյա աշխա-տանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի և վարչապետի անմիջական աջակցության արդյունքում՝ այսօրվա դրությամբ մթերվել է 202 հազ. տոննա խաղող, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 20 հազ. տոննայով, իսկ ամբողջ տարվա ծավալը` 19 հազ. տոննայով: Խաղողի մթերման գործընթացը որոշակի բարդություններով հանդերձ շարունակվում է, և երաշխիքներ կան առաջարկվող խաղողի բերքն ամբողջությամբ մթերման համար:
Խաղողի մթերումների հետ կապված, ցանկանում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել վերամշակող ընկերություններին, անկախ իրենց մոտ առկա դժվարություններից, իրավիճակը ճիշտ գնահատելու, խաղողագործության ճյուղի և գյուղացու համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող մթերումների գործընթացին ըմբռնումով մոտենալու և ընդառաջելու համար:
Գյուղատնտեսական մթերքների իրացմանը նպաստելու համար ընթացիկ տարում շարունակվել է մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպումը:
Գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների աճը նպաստել է ընթացիկ տարում թարմ բուսաբուծական մթերքների արտա-հանման ծավալների ավելացմանը: Այսօրվա դրությամբ հանրապետությունից արտահանվել է 62300 տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, այդ թվում` 31100 տոննա պտուղ և հատապտուղ, որից` 21300 տոննա ծիրան: Խաղողի արտահանման ծավալը կազմում է 7000 տոննա, նախորդ տարվա 4900 տոննայի դիմաց:
2014 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել է 37800 տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ: Ընդհանուր առմամբ, արտահանման ծավալները գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 65.1 %-ով, իսկ 2014 թվականի արտահանման տարեկան ցուցանիշն արդեն իսկ գերազանցվել է 33.6 %-ով (15.6 հազ. տոննայով): Արտահանման գործընթացը շարունակվում է, և իրական նախադրյալներ կան նախորդ տարվա համեմատությամբ ծավալների գրեթե կրկնապատկման համար:
Ընթացիկ տարում ընդլայնվել է թարմ բուսաբուծական մթերքներ արտահանվող երկրների շրջանակը: Արտահանման ծավալների մեջ գերակշռում է Եվրասիական տնտեսական միության երկրների մասնաբաժինը, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության բաժինը կազմում է արտահանման ընդհանուր ծավալի 83.6 %-ը, 2014 թվականի նույն ժամանակահատվածի 39.6 %-ի դիմաց: