Քրեակատարողական վարչությունը արաձագանքել է Hemaran.am-ի հրապարակմանը
Հոկտեմբերի 25-ին “henaran.am” ինտերնետային կայքում զետեղված` “Նուբարաշեն” ՔԿՀ-ում մի քանի դատապարտյալների եւ կալանավորների հացադուլ հայտարարելու վերաբերյալ հաղորդագրության առնչությամբ պարզաբանում ենք, որ նամակի հեղինակ, նախկինում երկու անգամ դատապարտված, “Նուբարաշեն” ՔԿՀ կալանավոր Արթուր Խաչատրյանը (մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 132հ. 1-ին (մարդու թրաֆիքինգը) եւ 182հ. 1-ին մասի (շորթում) հատկանիշներով) հոկտեմբերի 22-ին, ժամը 18:00-ին հայտարարել է հացադուլ:
Ըստ դիմումի` բողոքում է իր նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքից: Նույն օրը հացադուլ հայտարարելու մասին դիմումներ են ներկայացրել եւս մեկ կալանավոր եւ մեկ դատապարտյալ:
Կալանավոր Վարդան Դեմիրճյանը (մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104հ. 2-րդ մասի 1 եւ 6 կետերով (սպանության փորձ), 185հ. 3-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել) եւ 325հ. 1-ին մասի (պաշտոնական փաստաթուղթ կեղծելը) հատկանիշներով) նույնպես բողոքում է քրեական գործի ընթացքից:
Դատապարտյալ Կարեն Թառոյանը, ով 2005թ. մայիսի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112հ. 2-րդ մասի 14 կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) 9 տարվա ազատազրկման է դատապարտվել, անհիմն պահանջներ է ներկայացրել: Չնայած դրան` Կ. Թառոյանին հայտնել են, որ պահանջն այնուամենայնիվ կքննարկվի: Կ. Թառոյանը չսպասելով որեւէ պատասխանի, ժամը 01:15-ին կատարել է ինքնավնասում` կտրելով աջ ձեռքի ճկույթի միջին հատվածը: Կ. Թառոյանն անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, նրան ցուցադրվել է համապատասխան բժշկական օգնություն: Հավելենք, որ Կ. Թառոյանը գտնվելով “Նուբարաշեն”, “Սեւան”, “Արթիկ”, “Գորիս”, “Վանաձոր” եւ “Հրազդան” քրեակատարողական հիմնարկներում, դրսեւորել է ագրեսիվ վարքագիծ, խիստ բացասական է բնութագրվել եւ ընդհանուր առմամբ 20 անգամ ենթարկվել է կարգապահական տույժերի: Ավելին, ամիսներ առաջ, պատճառաբանելով մոր եւ կնոջ լարված հարաբերությունները, կտրել էր ձախ ձեռքի ճկույթի միջին հատվածը:
Հոկտեմբերի 21-ին հացադուլ է հայտարարել նաեւ ԼՂՀ քրեական օրենսգրքի 177հ. 3-րդ (գողություն) եւ 165հ. 4-րդ (անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը) մասով 6 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Մխիթարյանը: Քննիչի համապատասխան որոշմամբ նա 31.07.2012թ. ԼՂՀ-ից տեղափոխվել է ՀՀ, քանի-որ Ս. Մխիթարյանի նկատմամբ հարուցվել է եւս մեկ քրեական գործ: Նա նույնպես բողոքում է քրեական գործի ընթացքից:
Հացադուլ հայտարարած դատապարտյալներն ու կալանավորները գտնվում են առանձին խցում, բժիշկների հսկողության տակ:
Կ. Թառոյանի ինքնախեղման փաստով նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության
հանրային կապերի բաժին