Իգդիրում վանդալները պոկել ու վնասել են Կողբ քաղաքի մուտքին ու ելքին փակցված հայերեն տառերը
Թուրքիայում անհայտ անձիք հարձակվել ու վնասել են Իգդիրի Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքի կամարին տեղադրված հայերեն «Բարի եկաք» և «Ցտեսություն» գրության տառերը, գրում է Ermenihaber.am-ը:
Այս մասին տեղեկացնող թուրքական «İhlas» լրատվական գործակալությունը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հարձակվողները քաղաքապետարանի նախաձեռնած քառալեզու (թուրքերեն, քրդերեն, անգլերեն, հայերեն) գրության վրայից պոկել են միայն հայերեն տառերը:
Գործակալությունը հայտնում է, որ այսօր առավոտյան ոստիկանությունը մատնահետքեր է վերցրել վնասված տառերից ու հետաքննություն սկսել:
Նշենք, որ Թուրքիայում գործող «Իգդիրի Ադրբեջանի տուն» անվամբ միությունը ավելի վաղ նախաձեռնել էր ստորագրահավաք՝ ընդդեմ վերոնշյալ հայերեն գրության:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ տեղադրված քառալեզու գրությունը մեկնաբանելիս համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը հատուկ անդրադարձել էր հայերեն գրությանը՝ ասելով. «Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից առաջ Թուզլուջան հայկական բնակավայր է եղել: Հայաստանի հետ հարևան գավառ է: Կյանքը միշտ չէ, որ այսպես է շարունակվելու: Մենք այստեղ հայկական գերեզմանոց ունենք: Մեր սարահարթի անվանումը հայկական յայլա է: Այստեղի շատ վայրերի անունները հայերեն են: Այստեղ ապրած հայ բնակչությունը շրջանի կառուցման գործում մեծ ավանդ է ունեցել: Հայերեն գրությունն ավելացրել ենք որպես հարգանիքի տուրք այդ ամենին»,- նշել էր Կողբի համաքաղաքապետը: