ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչել է սիրիական ընդդիմության Ազգային կոալիցիան
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես ճանաչել է Սիրիական ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան որպես “սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչ”, հաղորդում է “BBC”-ն:
“ABC” հեռուստաալիքի եթերում Օբաման հայտարարել է, որ “սիրիական ընդդիմությունը ներկայացնում է երկրի ժողովրդին”:
Նախագահի վարչակազմից հայտնել են, որ այդ ճանաչումը չի նշանակում, որ ԱՄՆ-ը կսկսի զենք մատակարարել սիրիական ընդդիմությանը, սակայն կշարունակի օգնել սիրիական հակամարտության կարգավորմանը դիվանագիտական ճանապարհով:
Օբաման ընդգծել է, որ “ճանաչման հետ մեծանում է նաեւ պատասխանատվությունը”:
Ավելի վաղ սիրիական ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի Ազգային կոալիցիան ճանաչել էր նաեւ Եվրամիությունը եւ նրան աջակցություն խոստացել:
Կոալիցիան ստեղծելու համաձայնագիրը ստորագրվեց նոյեմբերի 11-ին Քաթարում: Այն ղեկավարում է իսլամ քարոզիչ եւ գիտնական Ահմեդ Մուազ ալ-Հաթիբը: