21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ԲՀԿ-ի հարցում ՀԱԿ-ը վստահում է Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությանը. իսկ Փաշինյա՞նը

“Քոչարյանի անունը ես համագործակցության կոնտեքստում չեմ շոշափել: Քոչարյանը  քաղաքական գործոն չէ եւ բացի այդ մենք իրեն համարում ենք պատասխանատուն այս օլիգարխիկ համակարգի, մարտի մեկի համար”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի հնարավոր համագործակցության հարցի շուրջ՝ իր եւ ՀԱԿ անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խիստ հակադիր դիրքորոշման վերաբերյալ Henaran.am-ի  հարցին, ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

“Ինչ վերաբերվում է ԲՀԿ հետ համագործակցությանը, մենք ունենք քաղխորհուրդ, որում կան կուսակցություններ, որոնք եւ նախագահը կոնսենսուսով որոշում են վարվող քաղաքականությունը”,-հավելել է նա:

Զուրաբյանի խոսքով, ՀԱԿ քաղխորհրդում քննարկվել են տարբեր քաղաքական գործիչների եւ ուժերի հետ համագործակցության հարցեր, այդ թվում` ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցը:

“Այդ հարցում օգոստոսին նիստերից մեկում ընդունվել է հետեւյալ որոշումը,  որ քաղխորհուրդը այդ հարցում վստահում է Լեւոն Տեր Պետրոսյանի վարած քաղաքականաությանը եւ որեւէ կերպ նպատակահարմար չի համարում կաշկանդել իր գործունեությունը”,-շարունակել է նա:

Լեւոն Զուրաբյանը նշել է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ՀԱԿ քաղխորհրդի, այլ  Կենտրոնական գրասենյակի անդամ է, որը գործադիր մարմին է: Ի դեպ, Զուրաբյանը հայտարարել է, թե ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցի շուրջ իր գնահատականը Կոնգրեսում շատ տարածված կարծիք է:

Henaran.am-ի հարցին,թե ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցը, որի շուրջ, փաստորեն խիստ ծայրահեղ մոտեցումներ են առկա ՀԱԿ-ում, չի՞ հանդիսանա ՀԱԿ-ի փլուզման պատճառ, Լեւոն Զուրաբյանը  անպատասխան է թողել` ըստ էության գիտակցելով, որ տարաձայնություններն այս հարցի շուրջ, այդուհանդերձ, ՀԱԿ-ի համար անհետեւանք մնալ չեն կարող:

Հիշեցնենք, որ օրերս Լեւոն Զուրաբյանը “Ազատություն” ռադիոկայանին տված հարցազրույցում , ըստ էության բաց տեքստով հայտարարել էր նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի հետ  համագործակցելու Կոնգրեսի պատրաստակամության մասին եւ անուղղակիորեն ակնարկել, որ Ռոբերտ Քոչարյանի գործոնը եւս իրենց համար խոչընդոտ լինել չի կարող: Իսկ Նիկոլ Փաշինյանը   Henaran.am-ի հետ զրույցում միանշանակ բացառել էր ԲՀԿ-ի եւ Քոչարյանի հետ համագործակցության հնարավորությունը:

Նկատենք, որ այս ճեպազրույցի  ժամանակ Լեւոն Զուրաբյանը խոսելով նախագահական ընտրություններին ընդառաջ այլ քաղաքական ուժերի հետ ՀԱԿ- կողմից վարվող բանակցություններից, նշել է.”Ում հետ եւ ում անձի շուրջ ենք բանակցում, չեմ ցանկանա հիմա որեւէ բան բաց ասել, հիմա զգայուն ժամանակահատվածում ենք”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ