15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը Սիրիայից շուրջ 16 հազար հայրենակից է ընդունել

Կառավարության ընդունելությունների տանը ավարտվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը: Այս մասին տեղեկացնում է նախագահականը:

Նիստի օրակարգի երկրորդ հարցի՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքներում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Նախագահը նշել է, որ խորապես մտահոգված է հատկապես Սիրիայում շարունակվող բախումներով և օր օրի վատթարացող հումանիտար իրավիճակով: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում են պահում տարածաշրջանում բնակվող հայության և, մասնավորապես՝ սիրիահայության խնդիրները, ինչի վկայություններից է, առաջին հերթին, Հալեպում արդեն մի քանի տարի գործող միակ օտարերկրյա ներկայացուցչությունը՝ Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը և Դամասկոսում իր աշխատանքները շարունակող ՀՀ դեսպանությունը:

Ցեղասպանությունից մազապուրծ հայորդիների ժառանգները, Նախագահի խոսքով, կիսում են ժամանակին իրենց օգնության ձեռք մեկնած ժողովուրդների ճակատագիրը: Նրանք շարունակում են մարդկային և նյութական մեծ կորուստներ կրել։ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանն իր դռները բացել է բոլորի առջև և արդեն Սիրիայից ընդունել շուրջ 16 հազար հայրենակից: Հայաստանի պետական բոլոր կառույցներն անխտիր ներգրավված են սիրիահայերի հիմնախնդիրները լուծելու և մեր հասարակությանը նրանց ինտեգրման գործընթացը արագացնելու աշխատանքներում:

Սիրիայի և Իրաքի հայկական համայնքներում ստեղծված իրավիճակի մասին զեկույցներով հանդես են եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Բերիո թեմի առաջնորդ, Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը, Դամասկոսի թեմի առաջնորդ, Տեր Արմաշ Արքեպիսկոպոս Նալբանդյանը, Իրաքի թեմի առաջնորդ, Տեր Ավագ Արքեպիսկոպոս Ասատուրյանը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ բոլորն էլ կցանկանային ավելին արած լինել: Բոլորի հավաքական ջանքերով է, որ մեր հայրենակիցների հարցերը վերջնական լուծումներ պետք է ստանան: Նախագահը խորին շնորհակալություն է հայտնել այն բոլոր երկրներին, միջազգային և համայնքային կառույցներին, անհատներին, ովքեր իրենց աջակցության ձեռքն են մեկնել և շարունակում են աջակցել հայությանն այս աշխատանքներում:

Ընդունվել է հայտարարություն Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքների կացության մասին՝ որպես սիրիահայությանը հայ ժողովրդի ընդհանրական սատարման կարևոր դրսևորում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ