Բոլոր ներկայացված պնդումները անհիմն էին և մտացածին: Հ. Նաղդալյան
–Ինչպե՞ս կբնութագրեք ԱԺ 8-երորդ նստաշրջանի մեկնարկը, որի օրակարգում քննարկման գլխավոր և հիմնական թեման Սահմանադրական բարեփոխումներն էին , ինչը, համաձայնեք, սկսվեց, ինչպես և սպասվում էր, բավական բուռն ընթացքով:
– Մասնատված , իրենք իրենց լուսանք գցած քաղաքական ուժերի և միայնակ մնացած անհատների հուսահատ փորձեր, ձեռքերը փրփուրներին գցելով, բացարձակ չեղած տեղում ինչ-որ երևութական՝ իբրև ,,բացահայտումներ,, անող ելույթներ, որոնք բացի ժպիտից , կարծես, արդեն ուրիշ արձագանք չեն առաջացնում : Բոլոր ներկայացված պնդումները անհիմն էին և մտացածին:
Շտապողականություն չկա, կա կարևորում , դրա համար էլ այսօր, քառօրյա նիստի առաջին օրը ՝ առաջին և կարևորագույն հարցն է օրակարգում: Գործընթացը ընթանում է շուրջ 2 տարի՝ թե՛ հայեցակարգի և թե՛ ամբողջական տեքստի ընդլայնված և թափանցիկ քննարկումներով: Նախագիծը հրապարակվել է փուլ առ փուլ, մասերով՝ 1-7 գլուխներ և մնացածը՝ ցանկանալով օր առաջ հանրությանը տեղեկացնել իրավական լուծումների մասին: Հանրության քննարկմանը հնարավորինս շուտ հասցնելու ցանկությունը ,,փնթիություն,, են անվանում, հետո հանրության նկատմամբ հարգանքից խոսում:
Հանձնաժողովի աշխատանքը Վենետիկի Հանձնաժողովի՝ ոլորտի անկասկած բոլորի կողմից ճանաչված խոշորագույն մասնագետների , և՛ եվրոպացի բազմաթիվ իրավաբան մասնագետների , և՛ քաղաքական գործիչների կողմից ստացել է աննախադեպ բարձր գնահատականներ մասնագիտական իմաստով, դրվատանքի խոսքեր և ողջունող կարծիքներ մեր սահմանադրագետների և նրանց կատարած բարձրորակ աշխատանքի նկատմամբ: Կարելի՞ է արդյոք նման աշխատանքի հեղինակներին և հեղինակավոր մասնագետներին վիրավորել:
Ամբողջ համացանցով առցանց ռեժիմով, հեռուստատեսությամբ , բազմաթիվ կայքերով չընդհատվող հեռարձակում է ընթանում, ամբողջ մամուլը լի է բազմաթիվ ՝ ամեն բառին, կետին , ստորակետին վերաբերող քննարկումներով, հրապարակումներով, հաղորդումներով, և այս ամենից հետո գալիս են ԱԺ օրակարգի հաստատմանը և ասում՝ գաղտնի գործելակերպ, դավադրություն: Արդա՛ր եղեք:
-Ընդդիմադիրների կողմից նաև մեղադրանք հնչեց , թե ինչու ՀՀ նախագահը չի եկել մայր օրենքի փոփոխությունները ներկայացնելու.
– Թող օրենքը կարդան և կիմանան՝ ինչու: Պատգամավորների համար կարևորագույն ՝ կանոնակարգ-օրենքը՝ հոդված 78.2-ում պարզորոշ սահմանում է, ընդամենը ընթերցել է պետք: Ճիշտն ասած, չեմ մտաբերում որևէ օրինակ, երբ որևէ երկրում սահմանադրական բարեփոխումները երկրի նախագահն է ներկայացնում խորհրդարանին: Չէ՞ որ Սահմանադրություն ստեղծելը կարելի է բնորոշել հետևյալ կերպ՝ իրավական լուծումների հիմքի վրա քաղաքական որոշումների ամբողջական ընդունում:
Մի խոսքով՝ որևէ փաստարկված դատողություն չունեցող , անհիմն, ցուցադրական ելույթներ: