Իրանցիները փորձության ժամին համախմբվում են
“Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի”, – նման տեսակետ հայտնեց արեւելագետ Մհեր Բաղդասարյանը` այսօր, լրագրողների հետ հանդիպմանը:
Արեւելագետն ուժի ցուցադրում եւ հնարավորությունների ստուգում որակեց Իրանի շուրջ լարվածության ուժեղացումը թե՛ Արեւմուտքի, թե՛ Իրանի կողմից: “Վերջին զարգացումները իրանա-ամերիկյան լարված հարաբերությունների տրամաբանական շարունակությունն են: Արեւմուտքի նավթային շահերից չի բխում ի դեմս Իրանի տարածաշրջանում հզոր պետություն տեսնելը”, – նշեց Մհեր Բաղդասարյանը:
Անդրադառնալով Իրանի եւ Իսրայելի միջեւ հնարավոր ռազմական գործողություններին Մ. Բաղդասարյանը նշեց, որ վերջին շրջանում Իրանը լուրջ մոբիլիզացնում է իր ուժերը, նույնիսկ 20 միլիոնանոց կամավորների բանակը ժամանակ առ ժամանակ ռազմական վերապատրաստում է անցնում:
Եվ սա` Իրանի կողմից ատամ ցույց տալու նման մի բան է: Իրանն ամբողջությամբ պատրաստ է պատասխանել Իսրայելի ռազմական գործողություններին:
Իրանագետի խոսքով`Իրանը բազմաէթնիկ երկիր է եւ ունի ներքին տարաձայնություններ, սակայն փորձը ցույց է տվել, որ արտաքին վտանգի պարագայում իրանցիները համախմբված են, եւ դրա վառ օրինակը իրանա-իրաքյան պատերազմն էր:
Ըստ արեւելագետի, Իրանն ունի երկարամյա պատերազմ վարելու կարողություն, եւ 8 տարի ամբողջությամբ փակ լինելով եւ ունենալով քայքայված տնտեսություն`Իրանը կարողացավ դիամակայել իր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին:
Մ.Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Իրանի ղեկավարությունը հայտարարել է, որ իր երկրի ռեսուրսները թույլատրում են 7 տարի շրջափակված լինելով` պահել երկիրը:
Անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի Հայաստանի վրա ազդեցության մասին, փորձագետը նշեց. “Հայաստանն Իրանի անմիջական սահմանակիցն է եւ կայուն գործընկերը եւ, իհարկե, պատերազմական գործողությունները լուրջ ազդեցություն կունենան նաեւ Հայաստանի վրա: Բացի այդ տարածաշրջանում ստեղծված անկայուն իրավիճակից, դիմելով արկածախնդրության, կարող է օգտվել նաեւ Ադրբեջանը”:
Մ.Բաղդասարյանը գտնում է, որ մեր տարածաշրջանը բավականին անկանխատեսելի է եւ ոչինչ բացառել չի կարելի, սակայն, նրա խոսքով, Իրանի եւ Իսրայելի ռազմական բախման հավանականությունը քիչ է, մանավանդ որ ԱՄՆ-ն արդեն հայտարարում է, որ կողմնակից է Իրանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը: