Մականունավոր մարդ չէ, բանջարաբոստանային կուլտուրաների հետ շփում չունի
“Ուրեմն, ես բանջարաբոստանային կուլտուրաների հետ ոչ մի շփում չունեմ: Ոչ թե ասում եմ` ճիշտ չէ, այլ հեքիաթ է ու անհեթեթություն: Գասպարյանը ոստիկանապետ է, իսկ կարտոլը դա բանջարաբոստանային կուլտուրա է, ես նման բան չեմ կարող անել, եվ ընդհանրապես, ես իմ տիպով, իմ տեսակով գոնե մի 15 տարիներ է էդպիսի բան չեմ արել”,- այսօր անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ծեծել է գեներալ Մանվել Գրիգորյանի մտերիմ ընկեր “Կարտոլ” մականունով Նորայր Միրզախանյանին, որը ձերբակալվել էր թմրամիջոցներ պահելու կասկածանքով եւ ստորագրությամբ ազատ արձակվել, լրագրողներին ասել է Վլադիմիր Գասպարյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե արդյո՞ք մականունը մարդկային որակների մասին են խոսում, ոստիկանապետը պատասխանել է.”Այդ թվում նույնպես: Լրագրողների մյուս դիտարկմանը, թե որոշ ԶԼՄ-ներում Վլադիմիր Գասպարյանի մականունն է նշվում, ոստիկանապետն ասաց, որ չի լսել նման բան ու հարցրեց. ”Տերը՞” : Իրազեկ լրագրողը հստակեցրեց, թե Վլադիմիր Գասպարյանին “Ֆիքս” են կոչում:
“Դա ֆիքստուլ իմաստո՞վ են ասում: Ես ուզում եմ ֆիքստուլի, լոպազի ու թիթիզի տարբերությունը, այնուամենայնիվ, հասկանաք: Ֆիքստուլը էն մարդն է, որը ֆիքսում է էն, ինչ կա, թիթիզը, որ փուչիկ է, ուզում է ձեւ անի, որ ինչ-որ բան իրենից ներկայացնի: Այնպես, որ, որ ես չեմ կարծում, թե ինձ կարող է մականուն կպնել, ինձ մականուն կպցնող չի կարող լինել: Ես մականունավոր մարդ չեմ, ես ունեմ Աստծուց տրված անուն` իմ ծնողներից ստացած”: