“Ես մազոխիստական բաներով չեմ տառապում”. Վովա Գասպարյան
“Ալիկ Սարգսյանն իր կարծիքը հայտնել է, ես կարծիքներին կարծիք չեմ հայտնում”,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` անդրադառնալով Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոցի փոփոխության մասին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությանը:
“Իմ կարծիքը համահունչ է օրենքին, ես չեմ կարող ինչ-որ էմոցիոնալ ցանկություններով հայտարարություն անել եւ չեմ էլ գտնում, որ ես այն մարդն եմ, որ պետք է էմոցիաներ դրսեւորի` հարգում եմ, սիրում եմ, դրա համար… Ոչ”,-հայտարարել է Վլադիմիր Գասպարյանը:
Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետն ասել էր, թե չարժե Մարգար Օհանյանին դատել “որպես սովորական հանցագործի”:
Լրագրողներն այսօր Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեցին նաեւ, թե թե պատրա՞ստ է արդյոք նա Ալիկ Սարգսյանի նման “հեղափոխությունն օրորոցում խեղդել”:
“Ես մի անգամ արել եմ հեղափոխություն` 89-ին մասնակից եմ եղել: Երկրորդ և ավելի հեղափոխություններ ես չեմ ակնկալում իմ երկրում: Բնականոն, խաղաղ զարգացում է լինելու իմ երկրում”,-պատասխանել է ոստիկանապետն ու հավելել.”Ես մազոխիստական բաներով չեմ տառապում: Ես ավելի կողմնակից եմ խաղաղությանը: Սկզբից եղել է խոսքը”: