Թուրքիայում 2 օրում 32 ոստիկան և զինվոր է մահացել
Թուրքիայում քրդերի և թուրքական անվտանգության ուժերի միջև զինված բախումների հետևանքով երկու օրում 32 թուրք ոստիկան և զինվոր է մահացել, գրում է Ermenihaber.am-ը:
Հաքքարի նահանգի Յուքսեքօվա շրջանի Դաղլըջա գյուղում քուրդ զինյալների կողմից նախօրոք ականապատված ճանապարհով անցնելիս երկու զինվորական զրահամեքենա է պայթեվել: Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնական հայտարարության համաձայն՝ պայթյունի հետևանքով 16 թուրք զինվոր է մահացել, ևս 6 –ը վիրավորվել են: Զրահամեքենաների պայթյունից հետո թուրքական օդային զինուժի միջոցով Դաղլըջայում ռմբակոծվել են «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ- PKK) պատկանող 13 թիրախ:
Իգդիր նահանգի Դիլուջու սահմանային անցակետում՝ Թուրքիայի և Նախիջևանի անկախ շրջանի սահմանին նախապես ականապատված ճանապարհով անցնելիս մեկ ոստիկանական մեքենա է պայթել, ինչի հետևանքով 14 ոստիկան է զոհվել:
Թունջելիում ճանապարհին վերահսկողություն իրականացնող ՔԲԿ-ականները ծանր վիրավորել են ոստիկան Քադրի Օզքարային, ում դուստրը այդ պահին նրա կողքին է եղել և նունպես վնասվածք է ստացել: Հիվանդանոց տեղափոխված ոստիկանը ավելի ուշ մահացել է:
Մարդինի Դարգեչիթ շրջանում ևս ականապատված ճանապարհով անցնող ոստիկանական մեքենան հեռակառավարմամբ պայթեցվել է , ինչի հետևանքով վնասվածքներ ստացած չորս ոստիկաններից մեկը հիվանդանոցում մահացել է:
Աղբյուր` Ermenihaber.am