Շնչահեղձ է արել 21-ամյա աղջկան եւ վառել. բացահայտվել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը
Ինչպես հաղորդում է Henaran.am-ի Գյումրիի թղթակիցը, հունվարի 21-ին ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Գյումրիի 51-ամյա բնակիչ, նախկինում դատապարտված Գեւորգ Թադեւոսյանը: Նա մեղադրվում է Մարի Դավթյանին սպանելու եւ դիակը հրկիզելու մեջ:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, Գյումրիում: Պարզվել է, որ հունվարի 20-ին, նա ժամը 16.30-ի սահմաններում, նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի քանդված մասնաշենքի 1-ին հարկում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, բռունցքներով հարվածել է Մարի Դավթյանի ծնոտին, կպչուն ժապավենով կապել ոտքերը, գլխին պոլիէթիլենային պարկ հագցրել, եւ շնչահեղձ արել:
Հետո նա պարկը` կպչուն ժապավենով փաթաթել է աղջկա վզին, որից հետո մարմինը ծածկելով լաթի կտորներով` գնացել է տուն:
Նույն օրը ժամը 19-ի սահմաններում հետ է վերադարձել ու կնոջ վրա դիզելային վառելիք լցնելով` հրկիզել: Կատարվում է նախաքննություն:
Ըստ որոշ տեղեկությունների, մեղադրյալը այդ քայլին գնացել է` իր աղջկա պատիվը փրկելու համար: