ԱԺ նախագահը եւ ԱԱԽ քարտուղարը մասնակցեցին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին
Նոյեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների մասնակցությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որին հայկական կողմից մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: ՀԱՊԿ անդամ-պետությունների հավաքական անվտանգության ապահովման խնդիրների լուծման գործում ՀԱՊԿ ԽՎ-ի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի փոխգործակցության մասին թեմայով զեկույցով հանդես եկավ ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Օրակարգային հաջորդ`ՀԱՊԿ ընթացիկ գործունեության մասին եւ 2012թ. ՀԱՊԿ դեկտեմբերյան նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների, Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրսբերման հետեւանքերի, ինչպես նաեւ իրավիճակի հնարավոր սրման դեպքում անվտանգության համակարգի ամրապնդման օրենսդրական եւ կազմակերպչական միջոցների մասին զեկույցներով հանդես եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Մտքերի փոխանակությանը մասնակցեցին եւ քննարկվող հարցերի շուրջ իրենց տեսակետները ներկայացրեցին մասնակից անդամ-պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները:
ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդպեց Ղազախստանի Սենատի նախագահ Կայրաթ Մամիի հետ: Պարոն Մամին շնորհավորեց Աժ նախագահին վերընտրության առիթով` նշելով, որ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, այս համատեքստում շեշտելով, որ Հայաստանը Ղազախստանի համար կարեւոր գործընկեր է: Պարոն Մամին նշեց, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունների խորացման գործում կարեւոր դեր ունի նաեւ հայ համայնքը. Ղազախստանում ապրում են մոտ 30 հազար հայեր:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների օգտագործմամբ` գործուն կապերի մեխանիզմների ձեւավորումը եւ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը: Պարոն Աբրահամյանը նշեց, որ երկու երկրների միջեւ ստորագրված մոտ 30 համաձայնագրերը լավ հիմք են հանդիսանում զարգացնելու փոխգործակցությունը տարբեր ուղղություններով:
Երկուստեք կարեւորվեց համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում, փոխգործակցությունը խորհրդարանների հանձնաժողովների եւ բարեկամության խմբերի մակարդակով: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ղազախստանի Սենատի նախագահին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան: