ԱԱԽ քարտուղարն ընդունել է Ավստրիայի դեսպանին
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին (նստավայրը` Վիեննա) եւ ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության պատվո հյուպատոս Արամ Մարությանին: ԱԱԽ քարտուղարը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առիթով եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ավստրիայի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումը եւ խորացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով, այդ թվում՝ ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի շրջանակներում:
Դեսպանի խնդրանքով ԱԱԽ քարտուղարն անդրադարձ է կատարել տարածաշրջանային խնդիրներին` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններին: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին եւ պատրաստ է հետայսու եւս շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ` չնայած Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունականան ռազմատենչ հայտարարություններին եւ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու խայտառակ եւ բացահայտ գործարքին: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ի` Իրանի եւ Վրաստանի հետ հարաբերությունների ներկա մակարդակին եւ զարգացման հեռանկարներին:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի եւ Ավստրիայի Հանրապետության Անվտանգության խորհրդի միջեւ գործընկերային կապեր հաստատելու մասին: ԱԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Ավստրիայի Հանրապետություն այցելելու հրավերի համար եւ հույս հայտնել, որ այցի ընթացքում գործնական կապեր կհաստատվեն երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջեւ:
Հանդիպման վերջում դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ խոստացել ջանքեր գործադրել Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ փոխհարաբերությունների ամրապնդման եւ խորացման գործում: