Ի՞նչ կանի Ֆինանսների նախարարությունն այս տարի
Այսօր ՀՀ ֆինանսների նախարարը լրագրողներին ներկայացրեց 2012թ. նախարարության գերակայությունները, որոնք Վաչե Գաբրիելյանի խոսքով, չորսն են:
Առաջինը պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներն են:
Բարեփոխումների շրջանակներում փորձարարական 10 գերատեսչությունների կողմից ՀՀ 2013-2015 թթ-ի միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտի հետ մեկտեղ, յուրաքանչյուրը ներկայացնելու է մեկական բյուջետային ծրագրի նկարագիր:
Երկրորդ գերակա ուղղությունը Վաչե Գաբրիելյանի ներկայացմամբ, վերաբերում է հարկային և մաքսային օրենսդրության վերանայման ռազմավարական սկզբունքներին: Նախարարը հիշեցրեց, որ նախորդ տարեվերջին կառավարությունը հաստատել էր ոլորտի բարեփոխումների ցանկը :
Երրորդ խնդիրը, որն այս տարի կգտնվի ֆինանսների նախարարի ուշադրության կենտրոնում, վերաբերում է ներքին աուդիտի համակարգի ներդրմանը: 2012թ-ին իրականացվելու է ՀՀ հանրային հատվածի պետական կառավարչական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ու 50 տոկոս և ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններում ներքին աուդիտի համակարգի ներդրումը:
Ֆինանսների նախարարությունը այս տարի կներկայացնի պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների և աուդիտի եզրակացությունների հրապարակումը կանոնակարգելու նպատակով իրավական ակտերի նախագծեր: Սա նախարարության 2012թ. մյուս գերակա խնդիրն է:
Ֆինանսների նախարարությունն այս տարի կառավարության հաստատմանը, ի թիվս այլ ակտերի, կներկայացնի “Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդի տնօրինման և կառավարման կարգը սահմանելու մասին” ՀՀ կառավարության որոշումը:
Արդյունքում, սահմանվելու է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդի տնօրինման և կառավարման կարգը: