Ի՞նչ սպասելիքներ ունի հասարակությունը նորընտիր ԱԺ-ից
Ահարոն Ադիբեկյանի վերջին սոցիոլոգիական հարցումները պարզել են հասարակության ցանկությունների առաջնահերթությունները: Մարդիկ առավելապես ուզում են, որ նորընտիր ԱԺ-ն զբաղվի աշխատատեղերի ստեղծման և տնտեսական աճի ուղղությամբ:
Երկրորդ տեղում է աշխատավարձերի, թոշակների ու նպաստների բարձրացումը, երրորդ տեղում` առողջապահության և կրթության մատչելիությունը: Չորրորդը կաշառակերության դեմ պայքարն է, հինգերորդը` մարդու իրավունքների պաշտպանությունը, և միայն վեցերորդը` Ղարաբաղի հարցը և տարածաշրջանային անվտանգությունը:
Սոցիոլոգի խոսքով` այս ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քաղաքական ուժերը հասարակության համակրանքը շահելու համար իրենց խոստումներում կամ նախընտրական ծրագրերում պետք է առավելապես ուշադրություն դարձնեն սոցիալական խնդիրների վրա:
2012թ հունվարին մոնիտորինգային հարցումներ են իրականացվել, որին մասնակցել է 1650 չափահաս քաղաքացի, որոնց տրվել է միևնույն հարցը. ‘’Ինչպիսի՞ն է Ձեր ընտանիքի համար անցած 1-2 տարիների գնահատականը և սպասելիքները’’:
Հարցվածների 63 տոկոսը պատասխանել էր` ոչ լավ, ոչ վատ, կամ հիմնականում` լավ, իսկ 35,5 տոկոսը պատասխանել էր անհաջող կամ ամենավատ:
Ապագայից սպասելիքների առումով նկատվում է բնակչության բևեռացում` հաջողակների մեծ մասը դրական սպասելիքներ ունեն, անհաջողակների մոտ աճում է հոռետեսությունը, բնակչության 80 տոկոսը տարբեր աստիճանով բավարարված չէ իր ներկա վիճակով, 60 տոկոսը` իր ապագայով, ինչը կանխորոշում է հասարակության տրամադրությունները: