100 տոկոս համամասնական ընտրակարգը չի կարող համարվել առաջընթաց. կառավարությունը մերժեց պատգամավորներին
Քիչ առաջ կառավարությունը մերժեց ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Մարտիրոսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած “ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին”, “Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին” եւ “Սահմանադրական դատարանի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքների նախագծերը:
Ներկայացնելով կառավարության բացասական եզրակացության հիմնավորումը ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանն ասաց, որ ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվող ՀՀ ԱԺ ընտրությունները 100 տոկոս համամասնական ընտրակարգով անցկացնելու համար գործնականում առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել նախքան օրենսդրական համապատասխան փոփոխություններ նախատեսելը:
“Գտնում ենք, որ Ազգային ժողովի կազմավորման կարգը սահմանելու հարցում անհրաժեշտ է ոչ միայն համակողմանիորեն իրականացված վերլուծությունների արդյունքում գնահատել օրենսդրական փոփոխությունների նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը, այլեւ հաշվի առնել օբյեկտիվորեն գոյություն ունեցող մի շարք հանգամանքներ”,-ասաց փոխնախարարը: Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ տարբեր երկրներում ընտրակարգի այս կամ այն ձեւի առկայությունը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով: Որեւէ համակարգի միանշանակ ընտրությունն ինքնին կապ չունի ընտրական գործընթացի արդյունավետության հետ:
Հայաստանի Հանրապետությունում, որպես կիսանախագահական կառավարման ձեւ ունեցող պետություն, համասնականին զուգահեռ մեծամասնական ընտրակարգի առկայությունը հանդիսանում է այն երաշխիքը, որն ապահովում է կոնկրետ պատգամավորի կողմից բնակչության որոշակի հատվածի շահերը ներկայացնելու հնարավորությունը:
Ակնհայտ է նաեւ, որ պառլամենտական մեծամասնություն կարող է ձեւավորվել միայն համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից, քանի որ վերջիններիս թիվը խորհրդարանում զգալիորեն գերակայում է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների քանակից եւ, բացի դրանից, չի բացառվում նաեւ մեծամասնական ընտրակարգով ընտրվեն նաեւ համամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորներ:
“Մեծամասնական ընտրակարգի առկայությունն ինքնին որեւէ կերպ չի կարող անդրադառնալ ընտրական գործընթացի, այդ թվում` ընտրվելու իրավունքի արդյունավետ իրականացման վրա: Ընդհակառակը` այս համակարգը հնարավորություն է տալիս ընտրողների այն զանգվածին, որոնք չեն ցանկանում իրենց ձայնը տալ որեւէ կուսակցության կամ կուսակցական դաշինքի, որոշելու իրենց կողմից նախընտրած թեկնածուին` կուսակցություններից դուրս”,-նշված է կառավարության հիմնավորման մեջ:
Նշվում է նաեւ, որ մեծամասնական ընտրակարգի առկայությունը չի բացառում որեւէ կուսակցությանը հարող կամ դրա անդամ հանդիսացող թեկնածուի ընտրությունը հենց մեծամասնական ընտրակարգով, հետեւաբար, անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգի ինքնին չի կարող համարվել առաջընթաց գործող ընտրակարգի համեմատ: Կառավարությունը գտնում է, որ այս փուլում այդ անցումը ժամանակավրեպ է: