“Հանրապետությունն” ու “Ժառանգությունը”` միասի՞ն
“Մենք ընդհանուր ճանապարհ ենք անցել, ընդհանուր պայքարի ճակատներ ենք անցել: Իմ հարաբերությունները Արամ Զավենի Սարգսյանի հետ միշտ եղել են շատ լավ մակարդակում, “Հանրապետություն” կուսակցությունում ունեցել եմ մեծաթիվ ընկերներ, ինչի համար շնորհակալությունս եմ հայտնում եւ գոտեպնդված եմ իրենց հայտարարությամբ”,- մեկնաբանելով “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի վերջին հայտարարությունը, Henaran.am-ին ասաց ԱԺ “Ժառանգություն” կուսակցության նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ “Հանրապետությունն” այսօր հայտարարեց Երեւանի թիվ 1 ընտրատարածքում անցկացվելիքլրացուցիչ խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Ստեփան Սաֆարյանին սատարելու մասին:
Հետաքրքրվեցինք, հանրավո՞ր է արդյոք, որ այս համագործակցությունը նախագահական ընտրությունների նախաշեմին այլ դրսեւորումներ ստանա երկու կուսակցությունների միջեւ: “Ես առայժմ մտածում եմ միայն դեկտեմբերի 2-ի եւ թիվ 1 ընտրատարածքի մասին : Ոչ կարող եմ հաստատել, ոչ բացառել, որովհետեւ այդ հարցերը երբեք չենք քննարկել ու այս կտրվածքով, պետք է այդ հայտարարությունն ընկալել որպես ուղղակի Ստեփան Սաֆարյանին “Հանրապետություն” կուսակցության աջակցություն”,-Henaran.am-ին ասաց Ստեփան Սաֆարյանը:
Նույն հարցն ուղղեցինք նաեւ “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին: “Այդ հայտարարությունը որեւէ նման ենթատեքստ չունի: Սա զուտ լրացուցիչ ընտրությունների ժամանակ քաղաքական եւ հասարակական գործիչ Ստեփան Սաֆարյանին սատարելու մասին է, իսկ համագործակցությունը բացառել չի կարելի”: