23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ը մերժում է վարչապետի հրավերը

Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի պահանջով “վճռական գործողությունների” պիտի անցնեն կոռուպցիայի դեմ պայքարում՝ դրան մասնակից դարձնելով ընդդիմադիր ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների։ Այսպես կոչված “կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի” նիստին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել նաեւ Հայ Ազգային Կոնգրեսը։

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

  1. Մեր պաշտոնական փաստաթղթերում ի սկզբանե եւ միշտ նշվել է, որ կոռուպցիան Հայաստանում կրում է համակարգված բնույթ։ Կոռուպցիոն բուրգն ամբողջությամբ համընկնում է իշխանական բուրգին: Այդ բուրգի գագաթը 2008թ-ից ի վեր Սերժ Սարգսյանն է։ Մյուս պաշտոնյաները, ըստ իրենց կարգավիճակի, կազմում են կոռուպցիոն բուրգի ողջ հիերարխիան։
  2. Երբեւէ պաշտոնապես բիզնեսով չզբաղված (պաշտոնի բերումով նաեւ դրա իրավունքը չունեցող) տասնյակ իշխանավորներ տիրացել են հսկայական հարստության, որի չափերը հասնում է մի քանի հարյուր միլիոնից մինչեւ մի քանի միլիարդ դոլարի։ Հենց նման ծավալներ են ներկայացված բարձրաստիճան իշխանավորների ունեցվածքի մանրամասն հրապարակումները արտերկրի  մամուլում, ապա նաեւ Հայաստանում։ Բազմաթիվ են նաև նման փաստերն ու վկայությունները Վիքիլիքսի հրապարակումներում: Կոռումպացվածության մեջ ուղղակի մեղադրանքները համապատասխան պաշտոնյաների կողմից որեւէ հակազդեցության չարժանացան, ինչը դրանց իսկության ապացույցն է։
  3. Անգամ պետական պաշտոնյաներից ոմանց, օրինակ՝ նույն Տիգրան Սարգսյանի կողմից պաշտոնապես ներկայացրած եկամուտների մասին հայտարարագրերը վկայում են նրանց կոռումպացվածության մասին։ Եւ վերջապես այդօրինակ հարյուրավոր փաստեր տարբեր աղբյուրներից հայտնի են ողջ հասարակությանը։
  4. Կոռուպցիան անքակտելիորեն կապված է իշխանության ոչ օրինակարգության հետ ու դրա արգասիքն է։ Դրա, ինչպես նաեւ բազմաթիվ այլ չարիքների հաղթահարման միակ ճանապարհը Հայաստանում օրինակարգ իշխանության ու սահմանադրական կարգի վերականգնումն է, ինչի վրա ի սկզբանե պնդել եւ ինչի համար արդեն հինգ տարի պայքարում է Հայ Ազգային Կոնգրեսը։ Անհեթեթություն է, որ որեւէ համակարգ, առավել եւս կոռուպցիոն համակարգը պայքարի ինքն իր դեմ։ Իշխանությունների նախաձեռնած վերոհիշյալ միջոցառումն այլ բան չէ, քան նախընտրական շրջանում հասարակության աչքին թոզ փչելու, նրա քիչ տեղեկացված խավին ապակողմնորոշելու, շփոթի մատնելու միջոց։
  5. Նկատի ունենալով այս ամենը` Հայ Ազգային Կոնգրեսը, բնականաբար, չի մասնակցի թատերական այս ներկայացմանը, էժանագին այս խաբեությանը եւ հավատացած է, որ դրան նույն կերպ կարձագանքեն մյուս քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները եւ միջազգային կառույցները։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ