28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Բացահայտումներ դեղերի շուկայում. բուժհաստատություններ պետական միջոցներ են վատնել ու տուգանվել

Այսօր ՏՄՊՊՀ նիստում ամփոփվեցին դեղերի գծով պետական գնումների ոլորտում իրականացված լայնածավալ ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունները կատարվել են առողջապահության ոլորտում, եւ հայտնաբերվել են մի շարք խախտումներ եւ չարաշահումներ :

Մասնավորապես ուսումնասիրվել են պետական գնումների ոլորտում ներգրավված 134 առողջապահական հաստատությունների եվ դեղերի վաճառքով զբաղվող 314 ընկերությունների գործունեությունը:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ բուժհաստատություններ կան, որոնք դեղեր ձեռք բերելու նպատակով չեն իրականացրել օրենքով սահմանված կարգը, այն է` մրցույթ անցկացնել, այլ պայմանավորվածություն են ձեռք բերել մեկ մասնավոր ընկերության հետ, որոնք էլ բարձր գներով վաճառել են  դեղորայքը: Մյուս խնդիրն այն է, որ բուժհաստատությունները ձեւական մրցույթներ են սահմանել, որտեղ կրկին հաղթել  է միեւնույն ընկերությունը:

‘’Այս ամենը առաջ է բերել պետական գնումների ոլորտում մի շարք ընթացակարգերի խախտման, պետական միջոցների անարդյունավետ օգտագործման, եվ ի վերջո մրցակցային անհավասար պայմաններ է ստեղծել  ոլորտի ընկերությունների համար’’,- ասաց Արտակ Շաբոյանը` հավելելով, որ հանձնաժողովը ստուգումներ է իրականացրել` հենվելով դիմում-բողոքների վրա` նպատակ ունենալով պատասխանատվության ենթարկել ոլորտում չարաշահումներ իրականացնող բուժհաստատություններին եւ դեղագործական ընկերություններին:

Նա նշեց, որ 134 բուժհաստատություններից 109-ի մոտ եղել է մրցույթ չհայտարարելու գծով խախտում: Ընդ որում, 66 բուժհաստատություններ ընդհանրապես մրցույթներ չեն հայտարարել: Բացահայտվել է, որ 26 բուժհաստատությունների կողմից կազմակերպված 37 մրցույթները ձեւական բնույթ են կրել:

Եղել է 3 դեպք, երբ դեղերի առքուվաճառքով զբաղվող ընկերությունը մրցույթից հետո բուժհաստատություններին կատարել է նվիրատվություն, ինչի արդյունքում խաթարվել է մրցութային գործընթացը:

28 բուժհաստատությունների մոտ հայտնաբերվել է սոցիալական անապահով խավերին անվճար կամ զեղջերով տրամադրվող դեղերը իրենց ուզած ընկերության կողմից ձեռք բերելու երեւույթ, այնինչ օրենքով սահմանված կարգով պետք է մրցույթ հայտարարվեր:

‘’Այսպիսով, հաշվի առնելով, որ տվյալ բուժհաստատությունները եւ ընկերությունները խախտել են օրենսդրության պահանջները, անարդյունավետ ծախսել պետական միջոցները, սահմանափակել մրցակցային միջավայրը, հանձնաժողովը վարչական վարույթներ է հարուցել դեղերի առքուվաճառքով զբաղվող 15 ընկերությունների եւ 12 բուժհաստատությունների նկատմամբ’’,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը:

Այդ ընկերություններն են` Նատալի ֆարմ ՍՊԸ, Վիոլա ՍՊԸ, Ամիկուս ՍՊԸ, Եվրոֆարմ ՍՊԸ, Դելտա ՍՊԸ, Մեդտեխսերվիս ՍՊԸ, Անիկոֆարմ ՍՊԸ, Ռուսֆարմ ՍՊԸ, Գրիմոս Գրուպ ՍՊԸ, Շախ ԷՄ Գրուպ ՍՊԸ, Դիանա ֆարմ ՍՊԸ, Ա/Ձ Հ. Գևորգյան, Կամելիա ՍՊԸ, Էգդանի ՍՊԸ, Մեգի Էլ ՍՊԸ  և 12 բուժհաստատություներն են` Նոր Արաբկիր առողջության կենտրոն,  ՀՀ ԱՆ Նորք ինֆեկցիոն հիվանդանոց ՓԲԸ, Ալավերդու բժշկական կենտրոն ՓԲԸ, Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոն ՓԲԸ, Սևանի հիվանդանոց ՓԲԸ, Հրազդանի բժշկական կենտրոն ՓԲԸ, Դիլիջանի բժշկական կենտրոն ՓԲԸ, Կապանի բժշկական կենտրոն ՓԲԸ, Արմավիրի բժշկական կենտրոն ՓԲԸ, Մեծամորի բժշկական կենտրոն ՓԲԸ, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա ՊՓԲԸ և թիվ 20 պոլիկլինիկա ՓԲԸ : Ինչ վերաբերում է Նաիրի, Էրեբունի կամ Արմենիա խոշոր հիվանդանոցներին, ապա դրանք ներառված չեն պետական գնումների համակարգում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ