ՀՀ դատախազությունում նոր պաշտոնանկություններ են սպասվում. Աղվան Հովսեփյան
ՀՀ դատախազությունում առաջիկայում սպասվում են պաշտոնանկություններ: Այս մասին կառավարությունում տեղի ունեցած հակակոռուպցիոն խորհրդի նիստից հետո Henaran.am-ի եւ “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք դատախազությունում տեղյակ չէին այն խնդիրներից, որոնք բարձրացվեցին իրավապահ մարմինների հետ ՀՀ նախագահի հրավիրած խարհրդակցության ժամանակ, Աղվան Հովսեփյանը ասաց.”Հրավիրվեց կոլեգիայի նիստ եւ բոլոր հարցերը քննարկվեցին այդտեղ: Հանրությանը տեղեկացրել ենք եւ դուք նույնպես պետք է տեղեկացված լինեք այդ մասին”:
Իսկ հարցին, թե սպասվո՞ւմ են նոր պաշտոնանկություններ , ՀՀ գլխավոր դատախազը պատասխանեց.”Եթե դա ձեզ հետաքրքրում է` այո”:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով աշխատանքից ազատվեց Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանը՝ դատախազին ոչ հարիր վարք դրսեւորելու համար: Այս պաշտոնանկությունը հաջորդեց հոկտեմբերի 29-ին իրավապահ մարմինների հետ քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ ՀՀ նախագահի հրավիրած խորհրդակցությանը, որի ժամանակ երկրի ղեկավարը կոշտ գնահատականներ հնչեցրեց :