Ո՞ւր կմտնի նախագահի վերահսկողական ծառայությունը
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացնում Սննդի անվտանգության պետական տեսչությունում: “Մենք հիմա այնտեղ ենք, բայց այնտեղ ոչ թե բացահայտումների խնդիր ունենք, այլ համակարգային աշխատանքի”,- նոյեմբերի 3-ին կառավարությունում հրավիրված հակակոռուպցիոն խորհրդի նիստից հետո Henaran.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը:
Henaran.am-ի հարցին, թե առաջիկայում նախատեսվում են արդյոք ստուգումներ այլ ոլորտներում, Հովհաննես Հովսեփյանը պատասխանել է, որ նախագահի վերահսկողական ծառայությունը բոլոր ոլորտներում կարող է իր վերահսկողական ֆունկցիաներն իրականացնել հանրապետության նախագահի հանձնարարությամբ:
“Բացարձակապես փակ գոտի, փակ տարածք կամ փակ կառույց չկա: Նախագահի հանձնարարության դեպքում բոլոր կառույցները բաց են նախագահի վերահսկողական ծառայության առջեւ”,-հավելել է նա:
Անդրադառնալով կոռուցիայի դեմ պայքարի մասին հարցին, Հովհաննես Հովսեփյանը նշել է.”Միշտ հնարավոր է եւ լավը տեսնել, եւ վատը, բայց ուղղակի հնարավոր չէ չտեսնել կատարված աշխատանքները”: Նրա խոսքով, օրինակ 2008 թվականի հետ համեմատ, էականորեն նվազել է Հայաստանում չգրանցված դեղերի շրջանառությունը:
Նախագահի վերահսկողական ծառայությանը, Հովհաննես Հովսեփյանի խոսքով, տարեկան 15 հազար քաղաքացի է դիմում ամենատարբեր խնդիրներով, որոնց հիման վրա ծառայությունը հետուղական աշխատանք է իրականացնում: Ստացված դիմումների 31 տոկոսին դրական լուծում է տրվում: