23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մի հավատացեք SMS-ներին եւ պահպանեք նյարդերը. Հայացք

“Վեգա” կենցաղային տեխնիկայի խանութի հետ համագործակցող “Նորվիկ”վարկային կազմակերպությունը մարդկանց բջջային հեռախոսներին այս օրերին ակտիվորեն հաղորդագրություններ է ուղարկում` կոչ անելով գնումներ կատարել “Վեգայից”: Հաղորդագրությունում նշվում է հետեւալը. “Հարգելի “Նորվիկի” հաճախորդ, մինչեւ ապրիլի 7-ը “Վեգա” խանութներում ձեւակերպեք ապառիկ տեղում, միայն անձնագրով, եւ ստացեք նվեր»: “Վեգան” էլ իր հերթին է հաղորդագրություններ ուղարկում` մարդկանց անուն-ազգանունները հաղորդագրությունում նշելով եւ տեղեկացնելով, որ հաճախորդները կարող են առանց կանխավճարի եւ առանց աշխատանքի վայրից տեղականք բերելու ապառիկ պայմաններով ապրանք վերցնել: Երբ մարդիկ հաղորդագրությունում նշված հեռախոսահամարով զանգահարում են խանութ, այնտեղից հաստատում են, որ 0% կանխավճարով եւ առանց աշխատավարձի մասին տեղեկանքի կարող են ապառիկ ձեւակերպել:

Սակայն պարզվում է, որ այս ակցիայի կազմակերպիչները ոչ թե մարդասիրական նպատակներ են հետապնդում, այլ խաբեությամբ հնարավորինս շատ հաճախորդներ են փորձում ներգրավել:

“Հայացք”-ը “Վեգայի”  հաճախորդներից ստացել է բողոքներ այն մասին, որ մարդկանց կանչում են խանութ, ժամերով սպասեցնում, իսկ վերջում համակարգչային ծրագիրը որոշում է, որ ապառիկն առանց կանխավճարի կամ առանց աշխատանքի վայրից տեղականքի հնարավոր չէ ձեւակերպել:

“Եթե այդպես է, էլ ինչո՞ւ են մարդկանց խաբում, մոլորության մեջ գցում, հասցնում խանութ, ու վերջում պարզվում է, որ կանխավճար կամ աշխատավայրից տեղեկանք պետք է բերենք”,- բողոքեց հաճախորդներից մեկը: Նրա խոսքով` օրերս խանութում իրենք ընտրել են իրենց ցանկացած ապրանքը, մոտ 2 ժամ սպասել, որ ձեւակերպեն, սական “Վեգայի” աշխատակիցները, կապվելով “Նորվիկի” հետ, պարզել են, որ անհրաժեշտ է տեղեկանք աշխատանքի վայրից եւ կանխավճար:

“Վեգա գրուպի” տնօրեն Մարինա Պողոսյանը պատասխանատվությունը “Նորվիկի” եւ իրենց հետ համագործակցող բանկերի վրա գցեց: Ըստ նրա` բանկերն են “հրավիրում” հաճախորդներին, բանկերն էլ մերժում են տարբեր պատճառաբանություններով: “Խանութի խնդիրը չի դա: Մենք մի շարք բանկերի հետ ենք համագործակցում, նրանք են հրավիրում հաճախորդներին: Մենք ասում ենք, որ կարող են մեզ մոտ գնումներ կատարել, բայց երբ հաճախորդը գալիս է, պարզվում է, որ նա վարկեր, պարտքեր եւ գրավադրված ոսկի ունի, բանկերը մերժում են: Խանութը ոչինչ չի կարող անել”,- ասաց նա: Այնուհետեւ Մարինա Պողոսյանը սկսեց թվարկել, թե ինչպիսին պետք է լինի իրենց խանութի հաճախորդը. “Հաճախորդը պետք է կարգապահ լինի, պարտքեր չունենա”:

Ըստ նրա` “SMS-ը չի կարող ֆիլտրել պարտաճանաչ հաճախորդներին”: “Եթե մեկ հոգի դժգոհ է, ապա 50 հոգի բավարարված է գնում մեր խանութից”,- ընդգծեց “Վեգա գրուպի” տնօրենը:

Մեզ դիմած հաճախորդներից մեկը թեեւ մյուս բանկերում չունի վարկային պարտավորություններ եւ գրավադրված ոսկի, սակայն նրանից էլ “Նորվիկը” պահանջել է կանխավճար եւ տեղեկանք աշխատավայրից: Վարկային կազմակերպությունից փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ իրենց հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: “Մենք 0%-ից սկսած կանխավճար ենք սահմանում, չենք ասում, որ առանց կանխավճարի ենք գործարք կնքում: Կոնկրետ այդ հաճախորդը գրանցված աշխատող չէ, դրա համար էլ նրանից 15% կանխավճար ու աշխատանքի վայրից տեղեկանք ենք ուզել: Եթե մարդը նորմալ գրանցված աշխատող է, թուղթ պետք չի”,- պարզաբանեց “Նորվիկ” վարկային կազմակերպության ապառիկ վարկավորման մասնագետ Կարինե Վարդանյանը: Ըստ նրա` միայն անձնագրով ներկայանալը վերաբերում է միայն գրանցված աշխատողներին: Իսկ թե ինչո՞ւ այդ մասին հաղորդագրությունում չի նշվում, թե ինչո՞ւ են “Վեգա” զանգահարողներին հավաստիացնում, որ 0% կանխավճարով եւ առանց աշխատավարձի մասին տեղեկանքի կարող են ապառիկ ձեւակերպել, այդպես էլ չմեկնաբանեցին: Իսկ շատ հաճախորդներ չիմանալով այդ մասին` գայթակղվում, գնում են SMS-ի հետեւից եւ քայքայում իրենց նյարդերը` իրենց խաբված զգալով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ