Րաֆֆին վիրավորված չէ ‘Ազատ դեմոկրատներից’
‘Իրենց թեկնածուները եկան մեր ցուցակով քաղաքական, բարոյական տարբեր պարտավորությունների համալիրի արդյունքում, եւ այդ պարտավորությունները չհարգվեցին ու խախտվեցին: Այդ խմբից գոնե մեկը` պարոն Արզումանյանը, շատ լավ պատգամավոր է, բայց դիվանագիտությունը պետք է ճշմարտությամբ սիրի’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘Ժառանգության’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` խոսելով ‘Ազատ դեմոկրատների’ հետ նախկինում եղած համագործակցության մասին: Ըստ Հովհաննիսյանի` այդ համագործակցութան չեղյալ հայտարարումը չի կարելի ապահարզան անվանել, քանի որ ամուսնություն չի էլ եղել:
Ամեն դեպքում Հովհաննիսյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ ‘Ազատ դեմոկրատների’ ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը չի կատարել իր բարոյական պարտավորությունը` մանդատը ցած չդնելով:
Նշենք, որ ‘Ազատ դեմոկրատների’ խոսնակը մեզ հայտնել էր, որ իրենք չեն քննարկել ‘Ժառանգության’ ղեկավարին սատարելու հարցը, սակայն հավանական է, որ կուսակցութունը չի սատարի Հովհաննիսյանին: Վերջինիս սակայն սա չի վիրավորում:
‘Ես լավագույնն եմ ցանկանում ‘Ազատ դեմոկրատներին’, հատկապես նոր սերունդին, որը եթե պետք է մտնի քաղաքական դաշտ, ծավալվի, արդյունքներ բերի, իր ինքնությամբ, իր մեջ առաջին հերթին պետք է գտնի հանցանքների, մեղքերի, եւ սխալների իր աղբյուրը:
Ես վիրավորված չեմ’,-նշեց Հովհաննիսյանը: