Արցախցի բռնցքամարտիկը կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

WBC վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարը կկայանա վաղը Կրասնոդարում: Միջին քաշային կարգում որոշիչ մարտին ռինգում կհանդիպեն Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Դավիթ Ավանեսյանը, ով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանից է, եւ քենիացի Ջեյմս Օնյանգոն:
Այսօր Կրասնոդարում տեղի է ունեցել կոնֆերանս` բռնցքամարտիկի մասնակցությամբ, հաղորդում է Ռուսաստանի հայերի “Երկրամաս” թերթի տեղեկատվական կենտրոնը:
Մեր հայրենակից մարզիկը հավաստիացրել է, որ ինքը լավ մարզավիճակում է եւ համոզված է իր հաղթանակի մեջ: Դավիթն ունեցել է 9 հաղթանակ եւ ոչ մի պարտություն: Գրեթե 3 տարի հանդես գալով պրոֆեսիոնալ ռինգում` նա հասցրել է ընդգրկվել մոլորակի 10 երիտասարդ լավագույն բռնցքամարտիկների մեջ:
Ավանեսյանի եւ Օնյանգոյի մարտը կլինի երեկոյի մեխը եւ նվիրված կլինի ռուս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ռոման Սիմակովին, ով 2011-ի դեկտեմբերին մահացավ ռինգում: