Փոխվում են ճանապարհային երթևեկության վնասված նշանները
Երևան քաղաքի տարածքում գտնվող կառուցապատման ենթակա տարածքների կառուցապատողների կողմից դադարեցված շինաշխատանքները շարունակելու նպատակով ձեռնարկված միջոցների հետ կապված` քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ համապատասխան կազմակերպություններին ծանուցումներ են ուղարկվելու` առավելագույնը մեկամսյա ժամկետում քաղաքաշինական նոր հայտ ներկայացնելու համար, հակառակ դեպքում դատական կարգով կդադարեցվեն դրանց հողի նկատմամբ իրավունքները:
Մայրաքաղաքում շարունակվում են փոսալցման, փոսանորոգման և ճաքալցման աշխատանքները: Շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա հսկողությունն ու Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:
Գույքագրվում, թարմացվում և փոխվում են մայրաքաղաքում առկա ճանապարհային երթևեկության վնասված նշանները: Հանձնարարվել է գույքագրել կահավորման կարիք ունեցող կանգառասրահները` այդ աշխատանքները հաջորդ տարվա ծրագրերում նախատեսելու համար:
Երևանի ավագանու նիստում բարձրացված հարցի հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է ապահովել մայրաքաղաքի առանձին փողոցների ճանապարհային նշանների համապատասխանությունը տվյալ փողոցներում տեղադրված արձանագրման տեսախցիկների և արագաչափերի աշխատանքների հետ:
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև մայրաքաղաքի ամանորյա տոնական տեսքի ձևավորման ուղղությամբ: Կսահմանվեն անվանակարգեր լավագույն ձևավորում իրականացրած կառույցների և հասարակական օբյեկտների համար:
Անդրադառնալով թափառող կենդանիների վնասազերծման ընթացիկ աշխատանքներին` հանձնարարվել է առաջիկայում այդ աշխատանքների իրականացման համար հայտարարվող մրցույթում ներգրավել նաև հասարակական կազմակերպություններին: