Սիրիայի մայրաքաղաքի ամենալավ հսկվող թաղամասի անդորրը խաթարվել է /վիդեո/

Սիրիայի մայրաքաղաքում բախումներ են տեղի ունեցել կառավարական ուժերի եւ այսպես կոչված` “Սիրիական ազատագրական բանակի” զինյալների միջեւ: Փոխհրաձգությունը լսվել է քաղաքի ամենալավ պահպանվող թաղամասերից մեկում` Ալ-Մեզեում, հաղորդում է “Reuters” գործակալությունը:
Դամասկոսի բնակիչները վկայել են, որ կրակոցներ են լսվել նաեւ մյուս թաղամասերում: Կառավարական ուժերը գրավել են փողոցները, անջատված է փողոցների լուսավորությունը:
Ալ-Մեզեն, որը գտնվում է Դամասկոսը հարեւան Լիբանանի մայրաքաղաքի հետ կապող մայրուղու վրա, նախորդ ամսվանից ավելի լավ է հսկվում: Թաղամասը, որտեղ տեղակայված են բազմաթիվ դեսպանատներ, մի շարք կառավարական հաստատություններ եւ բարձարստիճան չինովնիկների տներ, հսկվում էր զինված ստորաբաժանումների կողմից:
Նախորդ շաբաթ Դամասկոսում իրագործվել էին մի շարք ահաբեկչություններ, որոնց հետեւանքով գրեթե 30 մարդ զոհվել էր, ավելի քան 100-ը` վիրավորվել: Չնայած որ զոհերի թվում կային նաեւ անվտանգության աշխատակիցներ, այնուամենայնիվ, մեծ մասը կազմում էին խաղաղ բնակիչները:
Հիշեցնենք, որ նախօրեին ահաբեկչություն էր տեղի ունեցել նաեւ Սիրիայի խոշոր քաղաքներից մեկում` Հալեպում: Զոհերի թվում էր նաեւ հայազգի Արաքսի Պետրոսյանը: