Ում էր ուղղված Ծառուկյանի քննադատությունը
՛՛ ՀՀԿ կուսակցական ցուցակը բավական ընդգրկուն է. ներկայացված են հասարակության տարբեր շերտերը, քաղաքական ամենատարբեր ուղղությունները՛՛,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը: Նրա կարծիքով, ամենայն հավանականությամբ, արդեն հրապարակված ՀՀԿ ցուցակում փոփոխություններ չեն լինի:
Ըստ նրա՝ ցուցակի թեկնածուների կազմը դա լավագույն կազմն է, որի միջոցով առաջիկա հինգ տարիներին ՀՀԿ-ն կարող է կյանքի կոչել բոլոր այն նախագծերը, որոնք կապահովեն հասարակության եւ պետության բնականոն ընթացքը:
Պատգամավորը նորմալ համարեց այն, որ մամուլի, երգարվեստի ներկայացուցիչներն ընտրություններից միայն մեկ ամիս առաջ որոշեցին անդամակցել “Հանրապետականին”. ՛՛Այդ մարդկանց հետ մենք վաղուց ենք համագործակցել տարբեր առիթներով` ունենալով գաղափարական ընդհանրություններ: Անդամակցման պահը նոր էր հասունացել՛՛,- ասաց Զաքարյանը:
Բանախոսն անդրադարձավ նաեւ ակտիվացած քաղաքացիական շարժումներին։ ՛՛Ցավոք, մեր երկրում քաղաքացիական նախաձեռնությունները իրականում չեն հետապնդում այն նպատակները, ինչի մասին բարձրաձայնում են: Ես կողմ եմ քաղաքացիական նախաձեռնություններին, եթե, իհարկե, դրանք ունեն առողջ հիմք եւ իրոք, ուղղված են հասարակության շահերի պաշտպանությաննը՛՛,- կարծիք հայտնեց Ա. Զաքարյանը:
Անդրադառնալով օրեր առաջ ԲՀԿ համագումարում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի սուր քննադատությանն` ուղղված կառավարության տնտեսական քաղաքականությանը, Զաքարյանը վստահեցրեց, որ այդ ՛՛մեսիջն՛՛ ուղղված չէր Հանրապետական կուսակությանը, քանի որ ԲՀԿ-ի ղեկավարությունը հասկանում է, որ իրենք կոալիցիայի մաս են կազմում եւ չեն կարող չունենալ պատասխանատվության զգացում: