Նախագահի “սիրային խաղերը” բացահայտվել են նամակների օգնությամբ
Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի գրեթե 3 հազար էլեկտրոնային նամակներում, որոնք արեւմտյան լրագրողների ձեռքն են ընկել ընդդիմության ջանքերով, հավանական ամուսնական դավաճանության նշաններ կան: Լրագրողներն այս եզրակացությանն են եկել 46-ամյա Ալ-Ասադի` մի քանի “ընկերուհիների” գրած նամակների բովանդակությունից:
Դեկտեմբերին Ալ-Ասադը նամակ է ստացել, որը նաեւ մի անպարկեշտ նկար է պարունակել, որում երիտասարդ կին է` ներքնազգեստով եւ պատին դեմքով շրջված: “Մոդելի” դեմքը չի երեւում, այդ պատճառով էլ առայժմ հայտնի չէ նրա անձը: Ինչպես հաղորդում է “The Mirror”-ը, նկարի կինը նման է նրան, ում հասցեից ուղարկվել է նամակը: Սակայն մամուլը չի հրապարակում ոչ նրա հասցեն, ոչ էլ անունը:
Սիրիայի նախագահին նման ոճի հաղորդագրություններ են ուղարկվել նաեւ այլ հասցեներից: Օրինակ` նախագահի PR ծառայության աշխատակիցը Ալ-Ասադին ուղղված իր նամակում փոխանցում է իր երիտասարդ գործընկերուհու` Շեհերազադե Ջաաֆարիի խնդրանքը: Վերջինս խնդրել էր փոխանցել նախագահին, որ նա շատ է սիրում Ալ-Ասադին եւ շատ կարոտում է:
Սիրիայի նախագահի մեկ այլ օգնական Հադի Ալ-Ալին իր նամակին կցել է Ալ-Ասադի նկարներից` երեխա ժամանակ, եւ գրել. “Ինչ լավիկն է”: Ալ-Ասադը նաեւ բավականին երկար ժամանակ նամակագրական կապի մեջ է եղել մեկ այլ կնոջ հետ, ում նա լիբանանյան սիրային երգեր է ուղարկել: Նամակներից մեկում այդ կինը, ում անունը ենթադրում են` Ռաշա Մուակե է, նախագահին է ուղարկել արաբական խորհրդանիշ, որը նշանակում է “ես սիրում եմ քեզ”:
Ինչ վերաբերում է նախագահի 36-ամյա կնոջը` Ասմա Ալ-Ասադին, ապա առայժմ հայտնի չէ նրա արձագանքն այս ամենին: Նա կարծում է, որ ոչ թե իր ամուսինը, այլ ինքն է իսկական բռնապետը: Ընկերներից մեկին ուղղված նամակում նա գրել է, որ իրենց հարաբերություններում առաջնորդի դերն իրենն է: