Ֆրանսիան ներկայացրել է հերթական բանաձեւը Սիրիայի վերաբերյալ

Ֆրանսիան` մի շարք արեւմտյան երկրների աջակցությամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել Սիրիայի վերաբերյալ հերթական բանաձեւը, տեղեկացնում է “Reuters”-ը:
Եվրոպացի դիվանագետների խոսքով` փաստաթղթում ներկայացված է այն իրավիճակը, որին ներկա պահին փորձում է հասնել ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակը Սիրիայում` Քոֆի Անանը: Բանաձեւում նաեւ քննադատվում է Բաշար Ալ-Ասադի վարչակարգի կողմից իրագործվող բռնությունը:
Բանաձեւի նախագիծը կոչ է անում դադարեցնել կրակը, քաղաքական երկխոսություններ սկսել եւ թույլ տալ հումանիտար կազմակերպությունների մուտքը երկիր: Բանաձեւի հեղինակները ծայրահեղ անհանգստություն են արտահայտում` Սիրիայի իրավիճակի վատթարացման կապակցությամբ:
Ռուսաստանը եւ Չինաստանը 2 անգամ արգելափակել են արեւմտյան երկրների` Սիրիային վերաբերող բանաձեւերը: Իրենց այդ որոշումը Մոսկվան եւ Պեկինը բացատրել են նրանով, որ առաջարկված փաստաթղթերից ոչ մեկում ընդդիմադիր ուժերի եւ նրանց վարած պայքարի միջոցների մասին ոչինչ չի ասվում: ՌԴ-ի արտգործնախարարության արձագանքն այս նոր բանաձեւին առայժմ հայտնի չէ:
Սիրիան շարունակում է մնալ “արաբական գարնան” գլխավոր օջախը, որն սկսվեց 2011-ին` Եգիպտոսի եւ Թունիսի հեղափոխություններով: ՄԱԿ-ի տվյալներով` այս մեկ տարվա ընթացքում Ալ-Ասադի վարչակարգի եւ ընդդիմության բախումների զոհն է դարձել ավելի քան 8 հազար մարդ: