14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արտոյի ներկայությունը …

Նարեկացի արվեստի միությունում բացառիկ հանդիպում էր աշխարհահռչակ  քանդակագործ, հայ մեծ արվեստագետ Արտո Չաքմաքչյանի հետ: Արտո Չաքմաքչյանը մեկն է այն տաղանդաշատ հայ արվեստագետներից, ում ստեղծագործ էության ազատությունն ընկալելի չի եղել խորհրդային Հայաստանում, եւ արվեստում ոչ մի տեսակի սահմանափակում չունենալու համար մեկնել է Հայաստանից՝ ապրելու եւ ստեղծագործելու Կանադայում:

ՆԱՄ-ում ներկաներին արվեստի կենդանի լեգենդներ Արտո Չաքմաքչյանն ու սկզբում նաեւ մաեստրո Տիգրան Մանսուրյանն արվեստի, արվեստագետի զգայական աշխարհից էին պատմում, պատմում իրենց անցյալից, անգամ կենցաղային դեպքերից, որ տարիների խորքից արդեն այնքան մշակված արվեստի նմուշներ էին հիշեցնում՝ երաժշտության, կերպարվեստի, բանաստեղծության տեսքով…

“Գիտեք, երբ Քոչարը, Զարյանը նստում են սրճարանում, եւ նրանց ստվերն ընկնում է Փարիզի վրա, եւ տեսնում ես նրանց անցյալը, դու չես կարող անտարբեր լինել նրանց թողած ստվերի հանդեպ.. Դու չէիր կարող չապրել իրականության հետ, եւ չզգալ, որ այդ ստվերը երբեք չպիտի ունենաս…

Երիտասարդ էի, երբ մտա Փարիզի ժամանակակից արվեստի թանգարան, մեծ նկարիչների աշխատանքների կողքին դրված էր Քոչարի աշատանքը…”,-այն տարիների վերհուշով պատմում է մաեստրոն, եւ դեմքին երաժշտականություն է իջնում, անսպասելի մի նոտայից մյուսին անցնում.

“Մենք՝ ես ու Արտոն,  ընկերություն էինք անում շատ շատերի հետ՝ Մինասի, Լեւոն Ներսիսյանի… Արտոն էլ այնտեղից մի ծվեն է “,-նշում է նա, եւ փորձելով պատկերացնել խորհրդային Հայաստանի թելադրած ստեղծագործական կյանքի կանոնները՝ սկսում ես հասկանալ՝ ինչպես շատ տաղանդավոր արվեստագետներ հեռացան հայրենիքից՝ մեկ այլ տեղ ստեղծագործական կյանքով ապրելու:

Այդուհանդերձ, խոսելով Արտո Չաքմաքչյանի մասին, Տիգրան Մանսուրյանը նշում է, որ նա մեր քանդակագործական աշխարհի հրաշալի դեմքն է, թերեւս արդեն լեգենդ:

Այնուհետեւ ներկաների հետ իր զրույցն սկսեց Արտո Չաքմաքչյանը, նա պատմեց, թե ինչպիսի հետապնդումների էին ենթարկվում խորհրդային տարիներին արվեստագետները,  հիշեց կոնկրետ դեպքեր, եւ ողջ ընթացքում, այդուհանդերձ, քանդակագործը մեկ խռոված խոսք անգամ չասաց. խաղաղ, նույնիսկ հումորով, ինչ-որ տեղ ցավով հիշեց բազմաթիվ դեպքեր, երբ խոչընդոտել են իրեն ստեղծագործել.

“Ցուցահանդես պետք է լիներ. տարա Կոմիտասի քանդակը: Հանձնաժողովը չընդունեց, ասաց՝ «Դոն Կիխոտն է, Կոմիտասը չէ”, հաջորդ տարի նույն քանդակը տարա, ասացի՝ “Դոն Կիխոտն է”, ասացին. “Չէ, Արտո, Կոմիտասն է”…

Այսքանով հանդերձ նրա՝ Կանադա մեկնելուն նպաստել է տխուր մի իրադարձություն: Քանդակագործը գիբսից ձուլում է Կոմիտասի արձանն ու տեղադրում Կոմիտասի փողոցում:  Մի քանի օր անց այն անհետանում է, իսկ ջարդված արձանի  բեկորները որոշ ժամանակ անց հայտնվում են իր արվեստանոցի դիմաց:

Չաքմաքչյանը հեռանում է, սակայն մնում է, վերադառնում ու կա մեկ այլձեւով:

“ՆԱՄ գաղափարը իմ մեջ ծնվեց Արտոյի շնորհիվ եւ նրա միջոցով մոտ 15 տարի առաջ: Շատերը չգիտեն այս մասին:
Մեր կենտրոնի մեջ ես պատիվ ունեմ սա պատմելու,-ասաց ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարթունյանը, -ապա շարունակեց,-Արտոն հրավիրված էր Նյու-Յորք: Տարին մեկ անգամ արտ-էքսպո են կազմակերպում, եւ գալիս են բազմաթիվ մարդիկ, եւ մի գալերեա կար, որն Արտոյին  էր հրավիրել՝ մասնակցելու….

Բացմանը գնացի ու տեսա, որ 1000-ավոր տաղավարերի մեջ Արտոյի գործերը խցկված էին եւ մի քանի արվեստագետներինը եւս:

Տեսա Արտոյի դեմքի արտահայտությունը, որ վրդովմունք ուներ,  այդ վրդովմունքն անցավ իմ մեջ, եւ դարձավ վճռական որոշում. ես հասկացա, որ եթե արվեստագետի նկատմամբ չկա հարգանքը, նա չի կարող իրեն լիարժեք ներկայացնել ժողովրդին”,-հիշում է Նարեկը:

Նրա խոսքերով այդ պահին էլ ծնվել է գաղափարը՝ ստեղծել կազմակերպությունը, որ արվեստագետներին կտա իրենց արժանի հարգանքը, եւ որ այն անպայման ՀԿ կլինի, կպաշտպանի արվեստագետի իրավունքները…. Այդպես ծնվեց ՆԱՄ-ի գաղափարը:

Այսօր Արտո Չաքմաքչյանի արձանները տեղադրված են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Կանադայում եւ Ճապոնիայում, սակայն իր հայրենիքում եղել են միայն խոստումներ, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել:

«Բայց կգա մի օր, թերեւս եկող տարվա ավարտին, երբ Նարեկացի արվեստի միությունում կտեղադրենք Արտոյի «Գրիգոր Նարեկացի» արձանը»,-ասաց Նարեկը՝ նշելով, որ ինքը՝ Արտոն, այս կապակցությամբ իր համաձայնությունն արդեն տվել է. շուտով ՆԱՄ-ի մուտքի մոտ կտեսնենք Արտոյի քանդակներից մեկը՝ «Գրիգոր Նարեկացին»:

Ինչպես ընդունված է ՆԱՄ-ում՝ Նարեկը Արտոյին հանձնեց ՆԱՄ խորհրդանշական նվերները՝ սիրով ՆԱՄ-ի հարկի տակ նրան նորից ընդունելու  հույսով:
Հանդիպման ընթացքում ներկաները կարողացան դիտել նաեւ Արտո Չաքմաքչյանի աշխատքներից շատերի լուսանկարները, որոնց մասին պատմեց արվեստագետը, դիտեցին նաեւ  ֆիլմ նրա մասին, իսկ հետո նաեւ հնարավորություն ունեցան հարցեր տալ, լսել նրան, խոսել ժամանակակից արվեստի մասին:

Շատերը ներկաներից վստահությամբ զգացին պահի անկրկնելիությունը. չէ որ վաղը սրա մասին ասելու ենք. “Մենք տեսել, խոսել ու զգացել ենք Արտոյի ներկայությունը…”:

Հ. Գ. Քաղաքային իշխանությունները թերեւս հիմա փորձեր են անում քաղաքը գեղեցկացնելու ուղղությամբ: Այդուհանդերձ, գեղեցիկն ու արվեստը փնտրելու ճանապարհին հայրենիքում  չեն տեսնում հայազգի տաղանդավոր արվեստագետի  աշխատանքների անհրաժեշտությունը:
Ցավոք, Երեւանում մինչեւ հիմա ոչ մի տեղ տեղադրված չէ Արտո Չաքմաքչյանի արձաններից եւ ոչ մեկը:

Տեքստը` Մարիամ Մուղդուսյանի

Նարեկացի արվեստի միություն
Հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ