Նիկոլ Փաշինյանը` իրեն լուսանցքում թողնելու մասին
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախկինում հնչած բոլոր գնահատականներն ու հայտարարությունները այսօր ուժի մեջ են: Լրագրողների հետ զրույցում այս մասին այսօր մի քանի անգամ շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Մասնավորապես, լրագրողների հարցերը վերաբերվում էին ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, որի վերաբերյալ, ինչպես հայտնի է, ՀԱԿ-ում կարծիքները բաժանվում են:
Ոչ միայն ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, այլեւ ՀԱԿ պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն է այս հարցում Փաշինյանի արտահայտած կարծիքին հակադիր տեսակետ հնչեցրել: Նիկոլ Փաշինյանը, Henaran.am-ի հետ զրույցում բացառել էր ԲՀԿ-ի հետ նախընտրական համագործակցություն հնարավորությունը:
“Եթե դուք հույս ունեք, որ այսօր ինձ հարց կտաք եւ կստանաք մի պատասխան, իսկ մեկ շաբաթ հետո այլ, ապա նույն հարցերը նույն պատասխանները ունեն”,-լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը:
Henaran.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես է վերչաբերվում ՀԱԿ գործիչը այն փաստին, որ նույն հարցի շուրջ իր գործընկերները երեկ մի բան էին ասում, այսօր` բոլորովին այլ: ”Ցանկացած իրավիճակ պետք է դիտարկել կոնկրետության մեջ:Ես սկզբունքների մասին ձեր հարցերին պատասխանեցի”,-մեր հարցին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանից փորձեցինք պարզել, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ իր արտահայտած տեսակետները ՀԱԿ-ում ներկայացնում են որպես անձնական կարծիք: Խոսքը մասնավորապես, ԱԺ վերջին քառօրյայի ճեպազրույցներում ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարության մասին է, որը նշեց, թե ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին Փաշինյանն իր անձնական տեսակետն է արտահայտել:
“Ես նաեւ այդ թեմայի վերաբերյալ մանրամասն խոսել եմ եւ իմ ասածի վերաբերյալ որեւէ բան ավելացնելու կամ պակասացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում”,-ասաց Փաշինյանը:
Henaran.am-ի դիտարկմանը, թե տպավորությունն այնպիսին է, որ ՀԱԿ-ում Փաշինյանին այսպես ասած լուսանցքում թողնելու միտում միտում կա, ընդդիմադիր գործինչն արձագանքեց.”Ոչ: Ես ձեր գնահատականները չեմ կիսում եւ նման միտում չեմ տեսնում”:
Մեր մյուս հարցին, թե ընդունում է արդյոք Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը, որի շուրջ ՀԱԿի քաղխորհուրդը, ինչպես Լեւոն Զուրաբյանն էր հայտարարել, որոշում էր կայացրել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. “Այդ թեմայի վերաբերյալ ես հստակ պատասխան եմ տվել: Ոչ մի հարցում իմ դիրքորոշումները չի փոխվել եւ չի փոխվելու”:
Հիշեցնենք, որ Լեւոն Զուրաբյանը ԱԺ վերջին ճեպազրույցների ժամին հայտարարել էր, թե ՀԱԿ քաղխորհրդում քննարկվել են տարբեր քաղաքական գործիչների եւ ուժերի հետ համագործակցության հարցեր, այդ թվում` ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցը:
“Այդ հարցում օգոստոսին նիստերից մեկում ընդունվել է հետեւյալ որոշումը, որ քաղխորհուրդը այդ հարցում վստահում է Լեւոն Տեր Պետրոսյանի վարած քաղաքականաությանը եւ որեւէ կերպ նպատակահարմար չի համարում կաշկանդել իր գործունեությունը”,-ասել էր Լեւոն Զուրաբյանը: