ԿԸՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հիմնական կազմին
Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի` ՀՀ Ազգային ժողովի 2012թ. ընտրություններին դիտորդական առաքելության հիմնական կազմին:
Ողջունելով պատվիրակության անդամներին` Տիգրան Մուկուչյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կարևորությունն ընտրությունների ժամանակ և ներկայացրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԸՀ նախագահն անդրադարձել է հանձնաժողովի կողմից կազմակերպվող ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին, հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներին և ծրագրերին:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկեռինսկան իր հերթին տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված երկարաժամկետ դիտորդները: Նա նաև նկատել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր առաքելության շրջանակներում կրահապարակի երկու միջանկյալ զեկույց, քվեարկության հաջորդ օրը` առաքելության նախնական եզրակացությունը, այնուհետև` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի` ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը:
Հանդիպման ավարտին առաքելության ղեկավար տիկին Շեկեռինսկան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և վերահաստատել հետագա համագործակցության պատրաստակամությունը:
Henaran.am-ին փոխանցում են ԿԸՀ լրատվական ծառայությունից