ՀՀԿ ցուցակում ես տեսնում եմ քաղաքական հենարան. քաղաքագետ
ՀՀԿ-ն իհարկե շատերին է հիասթափեցրել: Առաջին 10-15-ը նորմալ նոմենկլատուրային հատված է, արդեն 15-ից հետո սկսվում են հիասթափություններ, թե ներսում խնդիրներ, թե սպասելիքների առումով: Այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` մեկնաբանելով ՀՀԿ նախընտրական ցուցակը: Նրա խոսքով` կան նոր դեմքեր, բայց դրանք էականորեն չեն փոխում ցուցակի էությունը, քանի որ մեծամասամբ` ցուցակը չի արտահայտում երիտասարդացում կամ օլիգարխների նվազում:
‘ՀՀԿ ցուցակը մեծամասամբ կոչված է դիմագրավելու ՀԱԿ-ին, նման կարծիք կա, եւ ես հակված եմ այդ կարծիքին: Ստացվում է, որ իրենց մեջ չկան մարդիկ, որ դիմագրավեն ՀԱԿ-ին, դրսից բերում են մաշված դեմքեր:’,- նշեց քաղտեխնոլոգը` հավելելով, որ ոչ ՍԻՄ-ը, ոչ Ազգային Միաբանությունը, չեն կարող հավակնել ներկայացնել ժողովրդական ճակատ ՀՀԿ-ում:
Ասուլիսի մյուս բանախոսը` քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը այլ կարծիք հայտնեց: Նրա համոզմամբ` ցանկացած կուսակցություն փորձում է ձեռք բերել մաքսիմալ ներկայացուցչկան կազմ: Այդ առումով ՀՀԿ-ն փորձել է արտացոլել ոչ միայն կուսակցության շահերը , այլ նաեւ կոնսոլիդացնել ողջ հասարակության շահերը:
‘Այս նկատառումներով` ՀՀԿ ցուցակում իրեն արդարացրած հին քաղաքական գվարդիայի ներառումը տրամաբանական է: Ցուցակը նաեւ արտահայտում է երիտասարդացման միտում: Ցուցակում ես տեսնում եմ քաղաքական հենարան’,- նշեց Ալեքսանդր Մարգարովը:
Նրա համոզմամբ` ընդհանուր առմամբ կա երկու լիդեր լուսակցություն` ՀՀԿ եւ ԲՀԿ, որոնց դերը քարոզչական շրջանում էլ ավելի կակտիվանա: Ըստ բանախոսի, չի կարելի բացառել, որ պատկերը քարոզչությունից հետո կփոխվի, բայց, որ այս երկու կուսացությունները մեծ ցուցանիշներով առաջ են մնացած կուսակցություններից եւ հանդիսանում են առաջատար, դա իհարկե կպահպանվի: