Ընդդիմադիր դաշտում պայքար է սկսվել հեռացող Տեր-Պետրոսյանի ժառանգությանը տիրանալու համար
Ընդդիմադիր կուսակցությունների խնդիրը պետք է լիներ համաձայնեցված կերպով մեծամասնական թեկնածուներ առաջարկել բոլոր 41 ընտրատեղամասերում, անկախ ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափից: Ընդդիմադիր քաղաքական ուժերը, սակայն, այդ խնդիրը լուծել չկարողացան:
Այսօր Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով թիվ 7 ընտրատարածքում Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Նիկոլ Փաշինյանի առաջադրմանը: Հիշեցնենք, որ “Ժառանգության” առաջնորդի եւ ՀԱԿ ներկայացուցչի` նույն ընտրատարածքում առաջադրվելու եւ միմյանց դեմ պայքարելու հեռանկարի ֆոնին ՀԱԿ-“Ժառանգություն” հարաբերությունները կրկին լարվել են:
Բացի թիվ 7 ընտրատարածքից, այլ ընտրատարածքներում եւս ընդդիմադիր գործիչները միմյանց դեմ են պայքարելու, օրինակ, թիվ 4-ում` Զարուհի Փոստանջյանն ու Արամ Մանուկյանը: Ընտրատարածքներ կան, որտեղ նաեւ ՀՅԴ-ական թեկնածուներն են խաղի մեջ մտնում:
“Սա խոսում է մի բանի մասին, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ընտրություններին մոտեցան հանպատրաստից, այսինքն, թեկնածուներն առաջադրվում են առանց իրենց ռեալ հնարավորությունները գնահատելու եւ ընտրատարածքի ռեալ վիճակը հաշվի առնելու”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետն ու հավելեց.
”7-րդ ընտրատարածքում երկու ընդդիմադիր թեկնածուներն առաջադրվել են բավականին մեծ ազդեցություն ունեցող իշխանության թեկնածուի դեմ, որը մի քանի անգամ այդ ընտրատարածքից պատգամավոր է դարձել եւ որեւէ մեկը չի վիճարկի, որ այդ ընտրատարածքում նա ունի կազմակերպչական եւ քաղաքական մեծ ռեսուրսներ:
Ակնհայտ է, որ եթե նրա դեմ երկու ընդդիմադիր թեկնածու է առաջադրվում, այդ թեկնածուները դատապարտված են ձախողման: Նույնիսկ մեկ ընդդիմադիր թեկնածուի առաջադրման պարագայում Ալեքսանյանի` հաղթելու հնարավորությունները մեծ են, էլ ուր մնաց երկու թեկնածուի պարագայում”:
Այս իրավիճակը Սուրեն Սուրենյանցի խոսքով, ընդդիմության` ինստիտուցիոնալ չկայացվածության հետեւանք է: Մեր հարցին, թե արդյոք ընդդիմության ներսում պայքար գոյություն չունի, ինչը հերթական անգամ դրսեւորվում է, Սուրեն Սուրենյանցը պատասխանեց.
”Ընդդիմության ներսում պայքար կա: Ի վերջո, բոլորը հասկանում են, որ այս պահին Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ասպարեզից հեռանալու է եւ ընդդիմադիր դաշտում պայքար է սկսել “գլխավոր ընդդիմադիր”-ի տիտղոսին կամ Տեր-Պետրոսյանի ժառանգությանը տիրանալու համար’’: Քաղաքագետը նկատեց, որ այս պատճառով ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիա տեղի չի ունենում:
Ինչ վերաբերում է իշխանական ուժերին, Սուրեն Սուրենյանցն այստեղ եւս հակասություններ է տեսնում: “Ակնհայտ է, որ իր երկրորդ կառավարման ընթացքում Սերժ Սարգսյանը փորձելու է ստեղծել եւ իշխանության նոր համակարգ եւ իշխանության տարբեր կուսակցություններ փորձում են հնարավորինս ներկայացված լինել այդ նոր համակարգում”:
Քաղաքագետը նկատեց, որ ԲՀԿ-ն փորձում է դիմադրել մոնոլիտ իշխանություն ձեւավորելու ՀՀԿ-ի մղումներին: Անդրադառնալով ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքին, քաղաքագետը նշեց.”ԲՀԿ-ն ընդդիմադիր կեցվածք ունի իշխանության ներսում եւ այն երբեք չի բերելու իշխանության կազմաքանդմանը: Իրենք ընդդիմություն են համակարգի ներսում”: Թե իշխանական, թե ընդդիմադիր ճամբարներում առկա հակասությունները քաղաքագետը բնական է համարում: