ԵՄ-ն կփոխարինի Ֆրանսիային, թե ոչ` էական չէ, ամեն ինչ կախված է Հայաստանի ճիշտ բանաձեւերից. քաղաքագետ
Ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ փորձել է ձեւաչափ փոխել խնդրի կարգավորման հետ կապված, այս անգամ Ադրբեջանը փորձում է խնդիրը տեղափոխել ԵՄ: Այդ մասին այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամսից Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի ու կքվեարկվի մի փաստաթուղթ, որն օրերս քննարկել է նույն խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: Հայաստանին առնչվող քննարկված փաստաթուղթը, որ ընդունվել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 22-ին, Հարավային Կովկասին վերաբերող հարցերի շարքում անդրադառնում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային ԵՄ-ով փոխարինելու հեռանկարին եւ հավանականությանը:
Ալեքսանդր Մանասյանի համոզմամբ՝ հակամարտության խնդրի շուրջ բանակցությունները ինչ ձեւաչափով էլ ընթանան, ամեն դեպքում կարգավորման հաջողությունը կախված է լինելու խնդրի ձեւակերպման ձեւից, եթե սխալ ձեւակերպվի՝ լուծում չի լինի:
՛՛Ձեւաչափից չէ, որ կախված կլինի բանակցությունների ընթացքը, այլ խնդրի դրվածքից, ինչ հիմքերով, փաստաթղթերով, կամ ինչ փաստարկներով է խնդիրը դրվելու քննարկման’,- նշեց քաղաքագետը:
Նրա կարծիքով՝ ղարաբաղյան խնդրում միջնորդները խնդիր լուծելու առաջադրանք չեն նստանում, նրանց առաջադրանքները միայն խորհրդատվական բնույթ ունեն, այլ հարց է՝ կողմերը ընդունում կամ չեն ընդունում այդ առաջարկները: Բանախոսը կարծիք հայտնեց, որ թեեւ ենթադրվում է, որ միջնորդները պետք է չեզոք լինեն, բայց աշխարհում այսօր չեզոք միջնորդ գտնելը դժվար է, ահա ինչու առաջանում է կողմնակալության հարցը:
‘ Խնդրի լուծումը կախված է այն բանից՝ կհաջողվի արդյոք կողմերին ներկայացնել մի փաստաթուղթ, որը կհամապատասխանի հակամարտության ճիշտ պատմությանը, որ այն կողմնակալ չլինի, այլ բխի միջազգային իրավական եւ բարոյական չափանիշներից’, – կարծիք հայտնեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Հայաստանի վրա այդ փոփոխության ազդեցությանը, ապա քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ այսպես կոչված օգուտն ու վնասը մեխանիկորեն չի լինելու, քանի որ շատ բան կախված է մեզանից:
‘Մենք պետք է պատրաստ լինենք փոխելու հունը, մինչ օրս մենք չենք կարողանում կարգին ասել աշխարհին, որ Ադրբեջանը ոչ լեգիտիմ տարածք է ճանաչվել: Հայաստանը պետք է ճիշտ քաղաքագիտական լեզվով եւ բանաձեւերով ուղերձներ հղի միջազգային հանրությանը’,- եզրափակեց Ալեքսանդր Մանասյանը: