“Չարենցի կամարը”` մարգարյանական շնչով
Երջանկահիշատակ վարչապետ, Անդրանիկ Մարգարյանի մահվան 5-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության Կենտրոնի տարածքային կազմակերպության կանանց խորհրդի, մայրաքաղաքի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 և Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցների համատեղ նախաձեռնությամբ տարբեր դասարանների աշակերտներ ի նշան հարգանքի նախ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, ապա “Չարենցի կամար” հուշարձան:
Երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը կենդանության օրոք հաճախ է այցելել հուշարձան ` խոստովանելով, որ “Չարենցի կամարը” Հայաստանի այն եզակի վայրերից է, որտեղից իր ամբողջ հմայքով բացվում է Արարատ լեռան պատկերը, ինչն իր համար առանձնահատուկ նշանակություն և խորհուրդ է ունեցելի:
Ընկերների հետ հուշարձան այցելելիս արմատներով մշեցի Անդրանիկ Մարգարյանը հաճախ է կրկնել, որ Արարատ լեռը հենց այն ուժն է, որը յուրաքանչյուր հայի ակամայից ստիպում է երբեք չմոռանալ Էրգրի մասին ու ապրել և գործել այն հաստատակամությամբ, որ մի օր վերադառնալու ենք Էրգիր:
“Չարենցի կամարի” հետ կապված մի սովորույթ էլ են հիշում վաղամեռիկ վարչապետի մտերիմները. մշտապես բազմազբաղ վարաչապետը, ում դժվար է հիշել իրեն հատկացված ժամանակը իր անձի համար տնօրինելիս, այդ սուղ ժամանակից անգամ միշտ կարողացել է հատկացնել նաև երեխաներին:
Ընդ որում, ոչ միայն իր ամենափոքրին` Հայկանուշին, այլ նաև նրա բակի ու դպրոցի հասակակիցներին: Հենց նրանց հետ ամեն անգամ այցելում էր “Չարենցի կամար” ու նրանց իսկ շուրթերից հերթական անգամ լսում մեծն Չարենցի “Ես իմ անուշ Հայաստանին”:
Այսօր, երբ արդեն 5 տարի է, ինչ Անդրանիկ Մարգարյանը մեզ հետ չէ, նրա այս սովորույթն այնուամենայնիվ շարունակվում է: Այսօր էլ դպրոցականները “Չարենցի կամարում” ասմունքել են “Ես իմ անուշ Հայաստանին” ու այդպիսով իրենց հագանքի տուրքը մատուցել մեծ հայ, իրապես ազգի նվիրյալ, երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին:
Դպրոցականները ընթերցել են նաև պատառիկներ Անդրանիկ Մարգարյանի հուշերից:
Henaran.am-ին փոխանցում են ՀՀԿ մամլո գրասենյակից