Բազմակարծության պակաս, գովազդային օրենսդրության խախտումներ. Պաշտպանը` հեռուստաեթերի թերությունների մասին
Այսօր հրապարակվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գնահատականը ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեության ոլորտում առկա թերությունների ու խնդիրների մասին: Մասնավորապես.
‘Հատկապես հեռուստաեթերում առկա բազմաթիվ օրինախախտումների, այդ թվում՝ բազմակարծության պակասի, գովազդին առնչվող օրենսդրության խախտումների, հայոց լեզվի մասին օրենսդրության պահանջների չպահպանման, էթիկական նվազագույն կանոնների անտեսման պարագայում խիստ անբավարար են եղել ՀՌԱ հանձնաժողովի հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման արդյունքները:
Հանրային հեռուստատեսության եթերում գովազդի սահմանափակումներին առնչվող ‘Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին’ ՀՀ օրենքի եւ ‘Գովազդի’ մասին ՀՀ օրենքի համապատասխան դրությների տարածական մեկնաբանման արդյունքում ՀՌԱ հանձնաժողովը չի ապահովել մասնավոր հեռուստաընկերությունների եւ հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորող ու դիտող Հայաստանի հարկատուների իրավունքները:
Թվայնացման գործընթացի հետ կապված` հայտնելով, որ այն իր իրավասության շրջանակներում չէ, ՀՌԱ հանձնաժողովը, ոչ միայն չի ընդունում իր ոլորտի համար ամենաէական գործընթացների համար պատասխանատվությունը, այլ նույնիսկ չի տիրապետում չափազանց կարեւոր տեղեկատվությանը: Սեփական գործառույթների նման իրացումը վկայում է այս ուղղությամբ դրանց ոչ բավարար ու պատշաճ կատարման մասին:
Օրենքով նախատեսված հակամենաշնորհային երաշխիքների ապահովման առումով 2011 թվականին ՀՌԱ հանձնաժողովը դրսեւորել է անգործություն, եւ չի իրականացրել իր վերահսկողական գործառույթները, որպեսզի կանխվի հեռարձակման շուկայի գերկենտրոնացումը կամ մենաշնորհացումը:
Արձանագրված դրական զարգացումներ են.
2011 թվականի մայիսի 26-ին ‘Գովազդի’ մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում կատարված փոփոխություններով այլեւս բացառվեց հնարավորությունը հանրային հեռուստատեսության եթերում գովազդի ծավալների չարաշահումները՝ օգտվելով օրենքի տարածական եւ ոչ իրավական մեկնաբանություններով:
ՀՌԱ հանձնաժողովը հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման արդյունքում բացահայտել է օրենքի խախտման երկու դեպք, եւ իրավաչափ արձագանքել այդ խախտումներին:
‘Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին’ ՀՀ օրենքում կատարվել է լրացում, որի համաձայն Հանրային հեռուստառադիոընկերությունը եւ Հայաստանի Հանրապետությունում գործող այն մասնավոր հեռուստաընկերությունները իրենց մանկական եւ (կամ) լրատվական հեռուստահաղորդումներում պարտավոր են օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական եւ լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով։
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ՄԻՊ լրատվական ծառայությունից