ՕԵԿ նորանշանակ խոսնակը` կուսակցի քաղաքացիության ու իր մասին
Henaran.am –ի խնդրանքով ՕԵԿ նորանշանակ մամլո խոսնակ Հարություն Ամիրյանը մեկնաբանել է մամուլում հրապարակված այն տեղեկությունը , թե ՕԵԿ համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում գտնվող Նելսոն Զուլոյանը Ֆրանսիայի քաղաքացի է:
“Այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Նելսոն Զուլոյանը ՀՀ քաղաքացի է, նա եղել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի եւ հրաժարվել է քաղաքացիությունից: Մի քիչ զարմանալի երեւույթ է, դրա համար է մամուլում այդպիսի արձագանք ստացել”,-Henaran.am –ին ասել է ՕԵկ խոսնակ Հարություն Ամիրյանը:
Մեր հարցին, թե ե՞րբ եւ ինչո՞ւ է Նելսոն Զուլոյանը հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիությունից , Հարություն Ամիրյանը դժվարացավ պատասխանել` նշելով, որ մանրամասներին տեղյակ չէ:
Նա տեղեկացրեց միայն, որ վաղը կամ մյուս օրը մամուլում կտպագրվի Նելսոն Զուլոյանի հետ հարցազրույց, որտեղ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն:
Ի դեպ, նկատենք, որ ՕԵԿ նոր խոսնակը կուսակցությանն անդամակցում է մոտ մեկ ու կես տարի: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Հարություն Ամիրյանը, հիմնականում զբաղվել է արտերկրի եւ ԵԺԿ-ի հետ հարաբերություններով: “Ինձ առջարկ է եղել կուսակցության եւ կուսակցության ղեկավարի կողմից, եւ ես համաձայնվել եմ”:
ՕԵԿ-ում դեռեւս կարճ կենսագրություն ունեցող գործչին կհաջողվի՞ արդյոք մամլո խոսնակի պարտականությունները հաջողությամբ կատարել նախընտրական ծանր ժամանակահատվածում: Henaran.am –ի այս հարցին Հարություն Ամիրյանը պատասխանեց.”Ես փորձում եմ չվախենալ դժվարություններից եւ կարծում եմ, որ միանշանակ հաջողությամբ այս գործը գլուխ կբերեմ”:
Նկատենք, որ ՕԵԿ նոր խոսնակը երիտասարդ է` 30 տարեկան, ավարտել է ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետը: Մեր ունեցած տեղեկություններով, նա կուսակցությունում հայտնի դեմք չի եղել:
Հիշեցնենք, որ Հարություն Ամիրյանը փոխարինեց ՕԵԿ նախկին խոսնակ Սուսաննա Աբրահամյանին, որը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am -ը, դժգոհելով կուսակցության համամասնական ցուցակում իրեն հատկացված տեղից` հրաժարական էր տվել: