Ռուբեն Հայրապետյանին դուր չեկավ “Բարսայի” մարզաշապիկով ուսանողուհին
՛՛Շատ ցանկալի կլիներ, որ մեր ամբողջ հանրապետությունով մեկ լինեին բարձրակարգ մարզադաշտեր, սակայն մեր պետության բյուջեն առայժմ չունի այդ հնարավորությունը վերականգնելու հանրապետության բոլոր մարզադաշտերը: Այդ մասին ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպմանն ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ պատասխանելով համապետական ֆուտբոլի զարգացման հեռանկարների վերաբերյալ հարցին:
Նրա խոսքով՝ ՛՛Արարատ 73՛՛-ի խաղացողների հիմնական կորիզը դրսից էին, եւ դա վատ է, քանի որ դրանից հետո հայկական ֆուտբոլը մարեց: Հենց այս պատճառով էլ Հայրապետյանը կարեւորում է հանրապետությունով մեկ ֆուտբոլի դպրոցների եւ բարձրակարգ մանկապատանեկան մարզիչների ինստիտիուտի ստեղծումը: Հայրապետյանը նկատեց, որ ավելի քան կարեւոր է երկրպագուների դերը ֆուտբոլային հաջողության հարցում:
՛՛Երկրպագուն շատ կարեւոր է ֆուտբոլիստի համար, հենց նա է ստիպում ֆուտբոլիստին լավ խաղալ՛՛,- ասաց ՀՖՖ նախագահը:
Անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գրիգոր Մելիքսեթյանին, ով հեռացվել էր հավաքականից, Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ իր խոստմանը հավատարիմ կմնա՝ ասելով, որ Գրիգոր Մելիքսեթյանը ազգային հավաքականի մարզաշապիկ չի հագնի, քանի որ նա չի համապատասխանում անհրաժեշտ որակներին:
՛՛Ինչու են Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերի տոմսերը այդքան թանկ՛՛,- ուսանողուհու հարցին ՀՖՖ նախագահը պատասխանեց, որ ՀՖՖ-ն ունի պարտավորություններ ՈՒԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի առջեւ, եւ տոմսերի գինը չի կարող գերազանցել 300 դոլարը, իսկ նվազագույնը 10 դոլար:
՛՛Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերի տոմսի գները 3-10 հազար դրամի սահմաններում է: Դա նաեւ օգնություն է ազգային հավաքականին՛՛,- նշեց Ռուբեն Հայրապետյանը՝ հարց ուղղելով ուսանողուհուն. ՛՛Իսկ դուք գիտեք որքան արժե պարսկահայ երգիչ Անդիի համերգի տոմսերը՛՛:
Ռուբեն Հայրապետյանն, ի դեպ հանդիմանեց իրեն հարց ուղղած ուսանողուհուն, ով հագել էր արտասահմանյան ֆուտբոլային ակումբի համազգեստ.՛՛ՀՖՖ նախագահի եւ Հայաստանի Ազգային հավաքականի մարզչի հետ չեն գալիս հանդիպման Բարսելոնայի համազգեստով՛՛: