‘Նեմեց հեռացիր, Մինասյան հեռացիր’… ՀՖՖ նախագահը հավատաց եւ կոտրեց

Այսօր ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ապագայի վերաբերյալ ուսանողների հարցերին, պատասխանեց, որ ժողովրդական ասույթի համաձայն` ‘’գեղը որ ելնի, գերան կկոտրի’’, ինքն էլ հավատում է, որ մեր ֆուտբոլը հետզհետե առաջընթաց է գրանցելու:
‘’Երեք տարի առաջ, ֆուտբոլային մի խաղի ժամանակ ամբողջ մարզադաշտը գոռում էր.’’Նեմեց հեռացիր, Մինասյան հեռացիր’’, բայց մենք հավատում էինք, եւ այդ հավատով կարծրատիպեր կոտրեցինք` ապացուցելով, որ հայերն էլ կարող են կոլեկտիվ մարզաձեւում հաջողության հասնել’’,- ասաց ՀՖՖ նախագահը` հավելելով, որ ինքն անձամբ միշտ նպաստելու է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, քանի որ դա է ապագա ֆուտբոլի հիմքը:
Անդրադառնալով պետության կողմից սպորտի զարգացմանը ֆինանսավորելու խնդրին, Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ ինքը լինելով պատգամավոր, շատ լավ է պատկերացնում, թե որ դեպքերում է անհրաժեշտ պետությունից ֆինանսավորում ակնկալել:
‘’Ամեն հարցում չէ, որ կարելի է պետությունից օգնություն պահանջել: Օրինակ` ՀՖՖ նախագահի պարտականությունների մեջ չի մտնում մարզադաշտեր կառուցելը եւ վերանորոգելը, բայց ես անում եմ, ինչ միջոցներով` դա էլ արդեն իմ գործն է’’,- ասաց Ռուբեն Հայրապետյանը: