Պաշտպանի գնահատականը Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը
Այսօր հրապարակվել է ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի գնահատականը Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության 2012թ գործունեության վերաբերյալ, որում մասնավորապես ասված է.
‘Երիտասարդների հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ է ունենալ հստակ ռազմավարություն, որտեղ կարտացոլվեն երիտասարդության զարգացումն ապահովող բոլոր խնդիրները եւ դրանց լուծումները նյութական, ֆիզիկական, մտավոր, հոգեբանական, գեղագիտական առումներով: Չնայած այն հանգամանքին, որ մշակվել է 2007-2012թթ. երիտասարդական քաղաքականության վերաբերյալ ռազմավարություն, սակայն այն բավարար չափով չի նպաստել երիտասարդության խնդիրների լուծմանը, եւ այդ խնդիրները շարունակում են մտահոգել հանրությանը: Երիտասարդության շրջանում ակտիվ հասարակական կամ քաղաքական մասնակցությունը պայմանավորված է բացառապես առանձին կուսակցությունների քաղաքական շահերով: Նախարարությունը բավարար չափով չի ընդարձակել իր համագործակցությունը տարբեր ապաքաղաքակական երիտասարդական հասարակական կազմակերպությունների կամ քննադատությամբ հանդես եկող երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունների հետ եւ չի օժանդակել դրանց գործունեությանն ու զարգացմանը:
Մտահոգիչ է հատկապես ՀՀ մարզերում երիտասարդների եւ երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը: Չեն անցկացվել համալիր միջոցառումներ վիճակը բարելավելու ուղղությամբ: Մարզերում, կուսակցական նախաձեռնություններից բացի, երիտասարդների համար չեն նախատեսվել կամ անցկացվել ժամանցի ու մշակութային բավարար քանակի միջոցառումներ: Անհամաչափ մոտեցում է դրսեւորվել մարզերում եւ Երեւան քաղաքում բնակվող երիտասարդներին նախարարության կողմից իրականացվող ծրագրերում ներգրավվածությունը ապահովելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատվել է ‘Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան’ պետական նպատակային ծրագիրը: 2011 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ‘Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան’ պետական նպատակային ծրագրի շրջանակներում վերաֆինանսավորվել է ընդամենը 642 վարկ` 4 868 000 000 (չորս միլիարդ ութ հարյուր վաթսունութ միլիոն) ՀՀ դրամի չափով, որից 346-ը` Երեւան քաղաքում, իսկ 296-ը` ՀՀ մարզերում: Այդուհանդերձ, պետական նպատակային ծրագրի իրականացման շրջանակներում, առանձին դեպքերում, կոռուպցիոն երեւույթների մասին ահազանգեր եղել: Նշված դեպքերում ընտանիքներին տրամադրվել են բնակարաններ՝ սահմանված կանոնակարգերի խախտումներով, մասնավորապես` ընտանիքը ստացել է բնակարան այն դեպքում, երբ երիտասարդ ամուսինների տարիքը ընդհանուր հանրագումարի մասով գերազանցել է սահմանված 60-ը: Անհրաժեշտ է վերահսկել վերոնշյալ գործընթացը, եւ ձեռնարկել միջոցներ բոլորի համար հավասար իրավունքներ եւ հնարավորություններ ապահովելու ուղղությամբ:
Բավարար չափով չի ապահովվել հաշմանդամային սպորտի զարգացումը եւ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը սպորտի բնագավառում: 2011 թվականին ՀՀ պետական բյուջեի «Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ» ծրագրով ոլորտում գործող թվով 4 հասարակական կազմակերպությունների տրամադրվել է 9.000.000 դրամ՝ մարզական միջոցառումներ անցկացնելու համար: ‘2011 թ. Երեւանում կայանալիք խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության անցկացում’ ծրագրով 13.747.000 դրամ է տրամադրվել ‘Խուլերի հայկական սպորտային կոմիտե’ ՀԿ-ին, եւ 1.682.220 դրամ է հատկացվել ‘Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե’ ՀԿ-ին Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված հաշմանդամային ծանրամարտի առաջնության մասնակցության համար: Այսինքն՝ տրամադրվել են չափազանց սահմանափակ ֆինանսական միջոցներ, եւ ֆինանսավորվել են միայն առանձին ՀԿ-ներ մարզական-մասսայական միջոցառումների կազմակերպման համար: Այս հիմնախնդիրը Պաշտպանի ներկայացուցչի հետ հարցազրույցում կարեւորել են նաեւ ‘Աշխարհն առանց արգելքների’ ՀԿ նախագահ Արման Մուշեղյանն ու Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի գլխավոր քարտուղար Ռուզաննա Սարգսյանը’:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ՄԻՊ լրատվական ծառայությունից