Նոր թխած հացի հոտը մարդկանց բարիացնում է
Ֆրանսիայի Հարավային Բրետանի համալսարանի գիտնականները, որոնք ուսումնասիրում են հոտերի ազդեցությունը մարդկանց վարքի վրա, խնդրել են 8 կամավորների` օգնել իրենց շատ հասարակ մի գիտափորձում, գրում է “The Independent”-ը: Գիտափորձի մասնակիցների մի մասը պետք է կանգներ թոնրատան մուտքի, իսկ մյուսները` հագուստի խանութի մուտքի մոտ: Կամավորները պետք է ձեւացնեին, թե ինչ-որ բան են փնտրում պայուսակում եւ որեւէ առարկա գցեին գետնին` ստուգելու մոտակայքով անցնող մարդկանց արձագանքը:
Արդյունքում պարզվել է, որ ընկած առարկան բարձրացնել օգնել են ավելի շատ թոնրատան մոտակայքում գտնվող մարդիկ` շուրջ 77 տոկոսը: Իսկ հագուստի խանութի մոտակայքում գտնվող մարդկանցից միայն 52 տոկոսն է փորձել օգտակար լինել:
Մասնագետները եկել են այն եզրակացության, որ մարդիկ ավելի հակված են օգնել միմյանց` հաճելի հոտերի ազդեցության տակ: Որոշակի հոտեր մարդու մոտ դրական տրամադրություն են առաջացնում` հանգեցնելով մարդասիրության դրսեւորումների: