05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Բոլորն էլ գիտեն, որ փողը չեն այրում ու ծուխը քթանցքերով քաշում … “մազալու” բաներ

Մեր երկրում ավելի ու ավելի հաճախակի են “մազալու” բաներ լինում: Երբեմն նույնիսկ կարելի է զարմանալ, թեև Հայոց աշխարհում զարմանալը դժվար է, երբեմն դժվար է չհարցնել` մի՞թե այսքան ընկել ենք…

Ինչպես տեղեկացանք “Մեկ ազգ” դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանից, սատանիստ, բլոգեր և ազատ լրագրող ներկայացող Բայանդուր Պողոսյանը և երկու այլ անձինք դատի են տվել “Մեկ ազգ” կուսակցությանը: Վերջինիս կայքում Բ.Պողոսյանը գաղափարական վիժվածք է անվանվել: Ինչո՞ւ… Պարզվում է` ոչ միայն սատանիստ լինելու համար:

– Բայանդուր Պողոսյանը հանդիսանում է ֆեյսբուքյան “Անտիմեկազգ” էջի ադմինիստրատորը, իսկ այդ էջը զբաղված է զրպարտություններով, վիրավորանքներով` ինչպես “Մեկ ազգ” դաշինքի գործունեության, այնպես էլ իմ անձի նկատմամբ,- մեզ հետ զրույցում ասաց Գ. Թամազյանը:- Կարծես դրանով էլ չբավարարվելով` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայապահպան գործունեությունը ներկայացվում է որպես պետականություն կործանած, թագավորներին դավաճանած: Այդ բոլոր հրապարակումների պատճենները մեզ մոտ կան:

Հայցվորները պատասխանողից պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել ու փոխհատուցել դատական ծախսերը: Վերոնշյալ գործով դատական առաջիկա նիստը Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ապրիլի 2-ին` ժամը 12-ին:

Հաջորդ մազալու բանը
Ի տարբերություն Բ. Պողոսյանի` “Կյանքի խոսքի” առաջնորդ Արթուր Սիմոնյանը ոչ թե սատանիստ, այլ քրիստոնյա է ներկայանում: Հավաքներից մեկի ժամանակ նա “պարզաբանում” է տվյալ աղանդի իր հավատակիցներին. “Մեկը մտել է այստեղ և ասել է` տեսեք, փող են հավաքում: Մյուսը մտել է, ասել է` փող են հավաքում… Գիտեք, տարբեր ձևի են մտածում մարդիկ: Վա, մենք հասկացանք` ինչ են այստեղ անում, այստեղ փող են հավաքում, հետաքրքիր է` ո՞ւր ա գնում փողերը: Ես այսօր ուզում եմ ձեզ բացահայտեմ` ուր ա գնում փողերը: Փողերը ծախսվում ա: Ուրիշ բան փողերի հետ հնարավոր չի անել”: Պատկերացնո՞ւմ եք, նրա այս խոսքից հետո դահլիճում հավաքված միանգամայն չափահաս մարդիկ երջանիկ ժպիտներով ծափահարում են…

Հետաքրքիր է` Արթուր Սիմոնյանը ներկաներին մի՞թե իսկապես զոմբիացվածների տեղ է դրել, փոխանակ պատշաճ պարզաբանելու, թե “ուր են գնում փողերը”, ինչի վրա են ծախսվում, ընդամենն ասում է, որ ծախսվում են, ու սա ներկայացնում է իբրև բացահայտում: Բոլորն էլ գիտեն, որ փողը չեն այրում ու ծուխը քթանցքերով քաշում: Փողն, իրոք, ծախսում են, Արթուր Սիմոնյանը ճիշտ է ասում, բայց ի՞նչ նպատակով են ծախսել կամ ի՞նչ նպատակով է ծախսել ինքը, հետայդու ինչպե՞ս է մտադիր վարվել փողերի հետ, որոնք հավաքելու փաստը չի ժխտում: Ահա այս մասին ոչինչ չի ասում դահլիճում հավաքվածներին:

“Անդրադառնանք “Կյանքի խոսքին”, իսկ ավելի ճիշտ` այդ կառույցի առաջնորդ Արթուր Սիմոնյանին,- Noratert.am կայքում օրերս հրապարակված հոդվածում գրել է Ալբերտ Ունուսյանը:

– Երևի շատ շատերը ուսումնասիրել են այդ մարդու կենսագրությունը: Դրա համար չեմ ուզում անդրադառնալ այդ հատվածին: Մարդ ես, ամեն բան էլ կարող է լինել, մարդը ապաշխարել է… խնդիր չկա: Այո, նա հաճախակի շատ խելացի մտքեր է արտահայտում, հետո ինչ, որ անցյալի մեծերից գողացվածը ներկայացվում է իբրև սեփականը: Դա էլ է նորմալ, չէ՞ որ եթե ուսումնասիրենք պատմությունը, ապա կհանգենք այն եզրահանգմանը, որ դարեր շարունակ փիլիսոփաները մեկը մյուսի ձեռագրերն են օգտագործել և ստեղծել սեփականը: Սակայն աննորմալ է այն, որ այս մարդը, ասենք, կարող է ՌԴ-ում ապրող իր “կոլեգային” 4 մլն USD արժողությամբ ձի նվիրել:

Բա իր կառույցի կուրացած հետևորդներից մեկը չեղա՞վ, որ հարցնի. “Արթուր ջան, Սիմոնյան ջան, սուրբ ջան, բա քեզ որտեղի՞ց այդքան փող”: Դե ինքն էլ կասեր, որ կամ բարեգործություններից է, կամ հավատացյալների կողմից նվեր, կամ անձնական “զապասներից”, կամ, կամ, կամ… Էլի նորմալ է, խնդիր չկա, իր գործն է: Բա այդ պարագայում նենց մեկը չգտնվե՞ց, որ հարցնի.

“Սուրբ ջան, բա որ այդքան փողով ձի կարող էիր առնեիր, բա խի՞ դրա փոխարեն էն անօթևանին չօգնեցիր կամ էն սոված երեխուն խի՞ հաց չտվեցիր, կամ էն կռված ու հաշմանդամ դարձած տղուն խի՞ չօգնեցիր…”: “Խի”-երը շատ-շատ են: Ինչո՞ւ այդ հարցի շուրջ չեք մտածել: Անշուշտ, չեմ հերքում, որ իր կառույցում քիչ չեն իսկապես լավ մարդիկ, որոնք իսկապես ամբողջ սրտով հավատում են մեր Աստծուն, սակայն իրեն ես ինձ պարզապես թույլ չեմ տա անվանելու առաջնորդ, սուրբ և արդար մարդ”:

Արթուր Հովհաննիսյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ