06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ նախագահի սինգապուրյան այցը` գործնական եւ զգացական տոնայնությամբ

սինագպուրաղիկխոլորձՆախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով երեկ երեկոյան ժամանել է Սինգապուրի Հանրապետություն:

Այսօր Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Սինգապուրի բարձրագույն ղեկավարության` նախագահ Թոնի Տան Քեն Յամի, վարչապետ Լի Սյան Լունի հետ, ինչպես նաեւ մասնակցել է Սինգապուրի բիզնես ֆեդերացիայի անունից ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ճաշին, որին ներկա են եղել այդ երկրի խոշոր գործարարներն ու ամենաազդեցիկ կորպորացիաների ղեկավարները:

Սինգապուրի եւ Հայաստանի նախագահները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, հայ-սինգապուրյան քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը: Սինգապուրի նախագահ Թոնի Տան Քեն Յամի խոսքով, չնայած երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին քսան տարի առաջ, հայ-սինգապուրյան կապերը գոյություն ունեն 150 տարուց ավելի. հայերն են Սինգապուրում տպագրել առաջին թերթը, հիմնել առաջին քրիստոնեական եկեղեցին:

Սերժ Սարգսյանի դիտարկմամբ, Սինգապուրն արագ զարգացած հաջողված պետության լավ օրինակ է բազմաթիվ երկրների, այդ թվում` Հայաստանի համար: Նախագահները երկուստեք ցանկություն են հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական այս տարին նշանավորվի նաև որպես Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման տարի: Երկու երկրների նախագահները խոսել են կրթության, գիտության, քաղաքացիական ծառայության ոլորտներում համագործակցության, սինգապուրյան փորձը Հայաստանում ներդնելու մասին եւս:

Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանն անդրադարձ է եղել հատկապես երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը:

Վարչապետ Լի Սյան Լունի խոսքով` փոքր երկրները միջազգային հարաբերությունների ուղեգիծը չեն որոշում, բայց հետևում են միջազգային կանոններին: Երկրի չափերը, վարչապետի համոզմամբ, զարգացման խոչընդոտ լինել չեն կարող: Այդ իմաստով, ըստ նրա, պատահական չէ, որ երկու երկրներն էլ մասնակցել են Սեուլի միջուկային անվտանգության գագաթաժողովին:

Հայաստանի նախագահի եւ Սինգապուրի վարչապետի հանդիպմանը եւս երկուստեք ընդգծվել է Սինգապուրի պատմության ընթացքում հայ համայնքի ունեցած նշանակալի դերակատարումը: Հատկապես հիշելով հայ գործարարների բարի համբավը եւ Սինգապուրում 19-րդ դարի վերջին առևտրային հարաբերությունները զարգացնելու գործում նրանց ունեցած յուրահատուկ առաքելությունը` Լի Սյան Լունը ցանկություն է հայտնել վերականգնված տեսնել հայ-սինգապուրյան տնտեսական սերտ կապերը:

Սինգապուրի “Իստանա” նստավայրում պաշտոնական բանակցությունները եզրափակվել են փաստաթղթերի ստորագրմամբ: Մասնավորապես, ստորագրվել են Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի ոլորտում համագործակցության մասին եւ Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին:

Պետական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաև Սինգապուրի բուսաբանական այգի, որտեղ տեղի է ունեցել այդ երկրի ազգային խորհրդանիշը համարվող ծաղկի` “Սինգապուրյան խոլորձի” անվանակոչության արարողությունը: Այսպիսի միջոցառումներ Սինգապուրում տեղի են ունենում ի պատիվ երկրի բարձրաստիճան հյուրերի եւ անվանի գործիչների:

Վերոնշյալ արարողակարգին Հայաստանի նախագահի մասնակցությունը մեկ այլ խորհուրդ եւս ուներ. “Վանդա Միսս Ջոակիմ” անունը կրող խոլորձի տեսակը, որը հայտնի է նաեւ որպես “Սինգապուրյան խոլորձ” կամ “Ալոհա արքայադստեր խոլորձ”, իր անվանումն ստացել է` ի պատիվ Սինգապուրում բնակվող հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով հայտնաբերել է այս ծաղկատեսակը: Ագնես Ջոակիմը (Աշխեն Հովակիմյան) ծնվել է 1854-ի ապրիլի 7-ին Սինգապուրում` Բարսեղ և Ուրելիա Ջոակիմների (Հովակիմյան) ընտանիքում:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատվո հյուրերի գրքում իր գրառման մեջ այս կապակցությամբ նշել է. “Բնության այս հրաշքը` “Վանդա Միսս Ջոակիմ” խոլորձը, իր մեջ ամփոփում է նույնքան ներդաշնակություն եւ գեղեցկություն, որքան հատուկ է Սինգապուրին եւ նրա ժողովրդին: Հպարտ եմ, որ Սինգապուրի ազգային ծաղիկը կրում է հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի անունը: Չէ որ գեղեցիկի հանդեպ իր քնքուշ սիրով Ագնեսը հայերիս անունը առհավետ միահյուսեց Սինգապուրի ժողովրդի պատմությանը: Թող որ այս չքնաղ ծաղիկը նաեւ հայ-սինգապուրյան բարեկամության հարատեւության խորհրդանիշը լինի”:

Հանրապետության ղեկավարը Սինգապուրի ամենաազդեցիկ կորպորացիաների եւ երկրի խոշոր բիզնես ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Հայաստանում ներդրումներ անելու հեռանկարները: Սինգապուրի գործարար շրջանակների ներկայացուցիչները հետաքրքրվել են հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, առողջապահության, քաղաքաշինության եւ քաղաքաշինական ծրագրավորման, ՀԷԿ-երի շինարարության, աղբահանության եւ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում Սինգապուր կայցելեն նաեւ հայ գործարարները` բանակցություններն ու մտադրություններն ավելի որոշակի ծրագրերի վերածելու նպատակով:

Սինգապուրի Հանրապետություն Հայաստանի նախագահի պետական այցի առաջին օրվա ավարտին նախատեսված է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի պատվին Սինգապուրի նախագահ Թոնի Տան Քեն Յամի անունից պետական ընթրիք:

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ