ԱՄՆ-ը տեխնիկական օժանդակություն կտրամադրի ՄԻՊ գրասենյակին

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման եւ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մարտի 29-ին ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ինչպես նաեւ Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության եւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Իրավունքի գերակայության նախաձեռնության (ABA ROLI) ներկայացուցիչները:
Հուշագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի տեխնիկական օժանդակություն` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի (ՄԻՊԳ), նրա վարչությունների եւ մարզային ստորաբաժանումների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման եւ տեսանելիության բարելավման նպատակով: ԱՄՆ ՄԶԳ-ն կօժանդակի ՄԻՊԳ-ին հանրային իրազեկման բարձրացման ուղղությամբ, ինչպես նաեւ կօգնի ՄԻՊԳ-ին արդյունավետ արձագանքել թեժ գծի միջոցով ստացված քաղաքացիների բողոքներին:
Ըստ համաձայնագրի, ՄԻՊԳ-ը կբարելավի քաղաքացիների համար ծառայությունների հասանելիությունը, հատկապես մարզերում, եւ կամրապնդի հարաբերությունները Հայաստանի մարդու իրավունքների ոլորտի ընկերությունների հետ: ՄԻՊԳ-ը նաեւ գրասենյակային տարածք կտրամադրի ԱՄՆ ՄԶԳ կողմից օժանդակվող իրավաբանական կլինիկաներին:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից