05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Երկու կտոր կրպակի պատճառով ազգը կիսվեց, ամոթ է ” … /լրացված/

Մաշտոցի պուրակի ակտիվիստները բանակցում են ոստիկանության ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, բնապահպան-ակտիվիստները նախապես հայտարարել էին, որ այսօր ժամը 13-ին ապամոնտաժող հատուկ  մասնագիտացված խումբը պիտի ապամոնտաժի  կրպակները:

Այդ մասին տեղեկացվել էր նաեւ ոստիկանությունը,  ինչին ոստիկանությունից արձագանքել էին, որ բնապահպանների կողմից գործողությունն անօրինական է:

Այս պահին պուրակում հավաքված են տասնյակ երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, նաեւ “Ժառանգության” պատգամավորներ՝ Անահիտ Բախշյանն ու Զարուհի Բոստանջյանը:

Անահիտ Բախշյանը Henaran.am-ի թղթակցին ասաց, որ  ոստիկանությունը այլ կերպ է հասկացել հասարակական կարգի պաշտպանությունը` պաշտպանում են կրպակատերերին: Պատգամավորը նշեց, որ ապամոնտաժողների մեջ մեծ մասամբ մտավորականներ են:

՛՛Հանուն կայուն զարգացման՛՛բնապահպանական կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանը մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ այս ամենը տեսնելով` կրպակատերերը կամաչեն  ու հենց իրենք կգան ու կապամոնտաժեն կրպակները:

՛՛Ամոթ է էս վիճակը, ես հիշում եմ 88-ին մենք ինչ ազգ ունեինք, բոլորս միասին էինք, եւ ոստիկանությունը մեզ հետ էր: Էսօր երկու կտոր կրպակի պատճառով ազգը կիսվել է երկու մասի, ամոթ է՛՛,- ասաց տիկին Դանիելյանը:

Բնապահպանները կոչ արեցին բոլորին զերծ մնալ սադրիչ քայլերից եւ պահպանել հանգստություն:

Henaran.am-ի հետ զրույցում բնապահպան ակտիվիստները համոզմունք հայտնեցին, որ ոստիկանների մեծ մասը կողմ է բնապահպանների քայլերին, պարզապես նրանք իրենց գործն են անում, իսկ քաղաքապետարանը իրենց հետ համակարծիք չէ , ըստ երեւույթին, “շահի պատճառով”:

Ոստիկանության եւ ակտիվիստների բանակցությունների արդյունքում կողմերը ընդհանուր հայտարարի չեկան: Ակտիվիստները հայտարարեցին, որ ոստիկանները չընդունեցին իրենց առաջարկներն ու գաղափարները: Ակտիվիստները որոշեցին մշակել գործողությունների ծրագիր, թե ինչպես պետք է խաղաղ ճանապարհով ապամոնտաժեն կրպակները:

Ոստիկաններն ու բնապահպանները երկրորդ անգամ են բանակցել. ոստիկանները  խորհուրդ են  տվել ակտիվիստներին դիմել դատարան: Այս մասին Henaran.am-ին փոխանցում են պուրակի ակտիվիստները, նշելով, որ իրենք  մեկ անգամ արդեն փորձել են դիմել դատարան, սակայն դատարանը հրաժարվել է քննել հարցը` պատճառաբանելով, որ պուրակը հանրային տարածք է հանդիսանում:

Ի դեպ` ակտիվիստներն էլ  ոստիկաններին են առաջակել` դիմել դատարան, եթե համաձայն չեն իրենց առաջարկություններին: Նշենք, որ չնայած ցուրտ եղանակին, Մաշտոցի պուրակում մարդկանց հոսքը չի դադարում: Բնապահպաններն ասում են, որ չեն պատրաստվում հեռանալ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ