Կատարվեց մանուկների օրհնության կարգ
Այս տարի ապրիլի 1-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը, որը տարիներ առաջ հռչակվել է նաեւ որպես մանուկների օրհնության օր:
Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Առավոտյան ժամերգության ավարտին, Միածնաէջ Ս. Տաճարի առջեւ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց անդաստանի արարողություն, որով օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:
Այնուհետեւ Նորին Սրբությունը կատարեց մանուկների օրհնության հատուկ կարգ, որին մասնակցեցին Վաղարշապատի եւ Հայաստանի տարբեր բնակավայրերից այս առիթով Մայր Աթոռ Ժամանած մանուկներ: Տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը փոքրիկներին բաժանեց նվերներ:
Ս. Պատարագի ավարտից հետո Ս. Գրիգոր Լուսավորչի կամարի առջեւ տեղի ունեցավ կավճանկարի մրցույթ:
Նշենք, որ Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը եւ բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, եւ պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետեւողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: