Հարի Փոթերի մասին գիրքն ավելի լավ է գովազդվում, քան հայ մանկագիրների ստեղծագործությունները
Հայ մանկագիրները գտնում են, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, վատ վիճակում չէ մանկագրությունը, սակայն մտահոգված են, որ չկան իրենց գործը շարունակողներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին մանկագիրներ Երվանդ Պետրոսյանը եւ Լիպարիտ Սարգսյանը` խոսելով Հայաստանում մանկական գրականության խնդիրների, մանուկների համար ստեղծագործող երիտասարդ տարիքի մանկագիրների բացակայության եւ այլ խնդիրների մասին:
Նրանց խոսքով`այդ ժանրն ամենաբարդն է, քանի որ անհրաժեշտ է հասկանալ երեխայի ներաշխարհը, հոգեբանությունը:
Բացի դրանից, մանկագիրների կարծիքով երեխաների համար գրականություն պետք է գրեն ավելի հասուն մարդիկ եւ ոչ թե երիտասարդները, քանի որ նրանց մոտ դա այդքան լավ չի ստացվի: ‘Մանկագիր դառնալու համար պետք է նախ եւ առաջ բանաստեղծ լինել, պետք է մեծերի համար նախատեսված գրականության ասպարեզում քո խոսքն ասես, որից հետո նոր փորձես գրել մանուկների համար’,- ասաց Երվանդ Պետրոսյանը:
Գրողները գտնում են, որ չնայած ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին եւ արժեհամակարգի փոփոխությանը, երեխան մնում է երեխա` իր ներաշխարհով: Այդ առումով ավելի բարդ է պատանիների համար գրելը, քանի որ այստեղ ավելի բարդ է բավարարել երեխայի ներքին պահանջները:
Ինչ վերաբերում է միջին տարիքի երեխաների համար ստեղծագործությունների պակասին, Լիպարիտ Սարգսյանի խոսքով` այդ հասակի երեխաների համար կան գրված գործեր, պարզապես գրքի վաճառքով զբաղվողները պետք է տեղյակ լինեն դրանց մասին եւ ինչպես Հարի Փոթերի մասին գիրքն է այդպես գովազդվում, այդպես էլ գովազդվեն հայ մանկագիրների ստեղծագործողությունները:
Անդրադառնալով մանկագրության ոլորտի խնդիրներին` Լ. Սարգսյանն ասաց, որ առաջնահերթ են սերնդափոխության խնդիրը եւ գրքերի գնի մատչելության հարցը: