Կիպրոսը սատարում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծումը. Կիպրոսի արտգործնախարար
Ապրիլի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երեւան ժամանած Կիպրոսի արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսին:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանն առանձնահատուկ կարեւորություն է տալիս բարեկամական Կիպրոսի հետ ձեւավորված արդյունավետ համագործակցության առավել ամրապնդմանն ու զարգացմանը, եւ այս այցելությունը լավ հնարավորություն է ի մի բերելու ձեռքբերումները, մշակելու նոր նախագծեր եւ ծրագրեր:
“Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Կիպրոսի համագործակցությունը վերելք է ապրել, ինչը նշանավորվել է նաեւ երկու երկրների ղեկավարների պետական փոխայցելություններով”,- հավելեց նախարար Նալբանդյանը:
Հայաստանի եւ Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բովանդակալից քննարկում ունեցան երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնման ուղիների, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:
Նախարարները երկուստեք կարեւորեցին կիպրահայ համայնքի նշանակալի ավանդն ու ներդրումը միջպետական համագործակցության ամրապնդման գործում:
Այս տարվա երկրորդ կեսին ԵՄ-ում կիպրական նախագահության ենթատեքստում հանգամանալից անդրադարձ եղավ Հայաստան – ԵՄ համագործակցությանն ու այդ ձեւաչափում իրականացվող ծրագրերին, գոհունակությամբ նշվեց Եվրոպական ընտանիքի հետ մերձեցման գործընթացում Հայաստանի արձանագրված առաջընթացը:
Տարածաշրջանային հարցերի քննարկման ժամանակ նախարարները մտքեր փոխանակեցին կիպրական հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի վերաբերյալ: “Հայաստանն իսկապես մտահոգված է Կիպրոսի խնդրի կարգավորմամբ: Հայաստանը երբեք չի ընդունել և չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու փորձերը: Կիպրոսի խնդիրը պետք է գտնի իր արդարացի եւ իրավական լուծումը”,- ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը:
Նախարար Նալբանդյանն իր կիպրացի գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս առնչությամբ Կիպրոսի արտգործնախարարը նշեց, որ իր երկիրը սատարում է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի խաղաղ ու բանակցային ճանապարհով եւ միջազգային իրավունքի հիման վրա լուծմանը:
Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարության միջեւ Եվրոպական միության վերաբերյալ հարցերում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիրը, ապա հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով: